Փաստաթուղթ չունենալու պատճառով 29-ամյա Դավիթ Հակոբյանը, որն ապրում է Բուլղարիայում մանուկ հասակից, բերման է ենթարկվել և տեղավորվել Բուսմանցիի փախստականների կենտրոնում, տեղեկացնում է «Ռուսկայա Բոլգարիան»։
Բերման ենթարկվելուց հետո Դավթի համար Նեսեբրայում, որտեղ մշտապես բնակվել է, սկսել են դրամ հավաքել։
Դավիթը ծնվել է Հայաստանում, իսկ 3 տարեկանում մոր և տատիկի հետ տեղափոխվել է Բուլղարիա։ Այսօր Նեսեբրայի բնակիչները նրա ընտանիքի անդամներին համարում են տեղի բնակիչներ։
«Մայրը փորձել է փաստաթղթեր պատրաստել, բայց չի ստացվել, իսկ նրա 18 տարին լրանալուց հետո ասել են, որ փաստաթղթերի ձևակերպման հիմքեր չկան»,- ասել է Դավթի եղբայրը՝ Դեյվիդ Դյակովը։
Բուլղարիա տեղափոխվելուց հետո նրանց մայրն ամուսնացել է բուլղարացու հետ, որը խոստացել է որդեգրել Դավթին, բայց խոստումը չի պահել, այլ լոկ ծաղրել է նրանց։
Դավիթը եղբոր և մոր միակ նեցուկն է, թեև փաստաթղթերով Բուլղարիայում նման մարդ չկա։
«Փաստաթղթեր չունենալու պատճառով նա չի կարող մասնակցել քննություններին 12-րդ դասարանից հետո և միջնակարգ կրթություն ստանալ։ Հետաքրքրվում է հոգեբանությամբ, գրականությամբ»,- ասել է Դավթի ընկերուհին՝ Վեսելա Վելկովան։
Այդպես Դավիթն ապրում և սովորում է Բուլղարիայում արդեն 26 տարի, իսկ մարտի 9-ին ընկերների հետ ենթարկվել է ոստիկանական սովորական տուգման Վառնայի ճանապարհին, որից հետո ոստիկանությունը նրան բերման է ենթարկել և ուղարկել փախստականների կենտրոն՝ երկրի սահմանն ապօրինի հատելու հիման վրա։
Ինչպես պարզվել է, Դավիթը, որն ամբողջ կյանքն անցկացրել է Բուլղարիայում, չի կարող վերադառնալ նաև Հայաստան, քանի որ այստեղ նա պետք է ծառայի բանակում։ Ծառայությունից ազատվելու համար Դավիթը պետք է վճարի 5-7 հազար դոլար, որն ընտանիքը չունի։ Ուստի Նեսեբրայում կազմակերպվել է բարեգործական արշավ։
Փաստաբան Դիլյանա Գիտևայի խոսքով՝ Դավիթ Հակոբյանին կալանել են մեկ ամսով, բայց պարադոքսն այն է, որ մարդը, որը Բուլղարիայում ապրել է 26 տարի, որին ճանաչում են հարյուրավոր բուլղարներ, պետք է մեկ ամիս գտնվի փախստականների կենտրոնում՝ մինչև նրա անձի ճշտումը։ Փաստաբանը նշել է, որ Հակոբյանը Բուլղարիայի քաղաքացիություն ստանալու հնարավորություն չունի միայն այն բանի հիման վրա, որ Բուլղարիայում նրան շատերն են ճանաչում։ Բայց մնում է հույսը, որ նրան շուտով ազատ կարձակեն, գուցե այսօր, անձը պարզելուց հետո։
Դավիթը հեռախոսով անձամբ պատմել է իր պատմությունը։ Նա բացատրել է, որ գտնվում է 20 տեղանոց խցում՝ Իրաքի և Աֆղանստանի քաղաքացիների հետ, իսկ երեկ բերել են մի չինացու։ Դավթի խոսքով՝ կենտրոնում պայմաններն ասես բանտի պայմաններ լինեն։
Նա տեղեկացրել է, որ երկար տարիներ տարբեր պետական գերատեսչություններ հարցումներ է ուղարկել, բայց այդպես էլ պատասխան չի ստացել։