Վերջին օրերին Ազգայի ժողովում ակտիվ քննարկվում էր կառավարության կառուցվածքի և գործունեության մասին նախագծի փաթեթը, որով առաջարկվում է նախարարությունների թիվը կրճատել՝ 17-ից դարձնելով 12-ը։
Ազգայի ժողովի ընդդիմադիր պատգամավորներից ոմանք, դեմ արտահայտվելով այս նախագծին, մատնանշում են այն հանգամանքը, որ նախագծում ներառված չեն Ազգային անվտանգության ծառայությունն ու Ոստիկանությունը նախարարություններ դարձնելու մասին կետերը, որի մասին նախկինում բազմիցս հայտարարել էին իշխող ուժի ներկայացուցիչները։
Մասնավորապես, ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանի հարցին, թե ինչո՞վ է կառավարությունն առաջնորդվել նոր նախարարությունների լիազորություններն ու պարտականությունները վերաբաշխելիս, զեկուցող Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ առաջնորդվել են համոզմունքով, զգացողությամբ, ինտուիցիայով, փորձով, ինչպես նաև հաշվի են առնվել նախկինում ունեցած մոնիտորինգներն ու կարիքների գնահատումը։
Իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ, անդրադառնալով այս հարցին, հայտարարեց, որ ուժային կառույցների քաղաքականացումը նպատակահարմար չէ։ «Սա չի վերաբերում ԱԺ վերահսկողական գործիքներն ավելացնելուն։ Աշխարհի ոչ մի կառավարություն չի ներկայացնում նախագիծ, որով իր լիազորությունները կդարձնի ավելի վերահսկելի։ Եվ մենք նպատակահարմար չենք գտնում այս պահին ուժային կառույցները դարձնել քաղաքական կառույցներ»,- մասնավորապես, ասաց Մակունցը։
Հիշեցնենք, սակայն, որ դեռևս անցյալ տարվա մայիսի 1-ին վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ ներկայիս կառավարման համակարգը ավելի շատ ոչ թե խորհրդարանական է, ինչպես ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, այլ սուպերվարչապետական, որպես խնդրի լուծում առաջարկել էր Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն դարձնել նախարարություններ։ «Միանշանակ է, որ Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը պետք է փոխեն իրենց կարգավիճակը և դառնան նախարարություններ»,- հայտարարել էր Փաշինյանը։
Այսպիսով ստացվում է, որ իշխող ուժը տրամագծորեն փոխել է իր դիրքորոշումը սուպերվարչապետական համակարգի վերաբերյալ, և այլևս չի կարծում, որ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է լինեն նախարարություններ և հաշվետու դառնան խորհրդարանին։