Ինչպե՞ս են երեխաներն ընկալում Օսմանյան կայսրությունում կատարված Հայոց Ցեղսապանության մասին տեղեկատվությունը: Ո՞ր տարիքից նրանց կարելի է պատմել այդ մասին: Այս հարցերն այսօր շատ ծնողների են անհանգստացնում եւ դրանց պատասխանները գտնելու համար NEWS.am Medicine-ի թղթակցին օգնել է հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը:
Ըստ մասնագետի՝ երեխաներից Ցեղասպանության մասին տեղեկատվությունը թաքցնելը, ինչպես եւ ցանկացած այլ տեղեկատվությունն, իհարկե, չի կարելի, երեխան պետք է ստանա իր մոտ առաջացող բոլոր հարցերի պատասխանները:
Սակայն ցանկացած տեղեկատվություն երեխային պետք է այնպես մատուցել, որ այն տարիքի առումով հասկանալի լինի եւ ծանր բացասական զգացումներ չառաջացնի:
Մոտավորապես 2 տարեկանից երեխաների մոտ արդեն պատկերացումներ կան մահվան եւ կյանքի մասին եւ երեխաները սկսում են մահվան մասին հարցեր տալ: Ծնողներն, ինչպես նշեց մասնագետը, պետք է պատրաստ լինեն պատասխանել դրանց, բայց զգույշ եւ գրագետ անեն: Սակայն այդ տարիքում Ցեղասպանության մասին դեռ վաղ է պատմել:
Ավելի բարձր՝ վաղ դպրոցական տարիքի երեխաներին՝ այսօր՝ ապրիլի 24 ապրիլին կարելի է տանել Ցեղասպանության հուշահամալիր (եթե, իհարկե, նրաքն ի վիճակի են այդքան ճանապարհ անցնել): Ծաղիկներ եւ պսակներ դնելու արարողակարգը երեխայի մոտ բացասական զգացումներ չի առաջացնի եւ չի վնասի նրան, իսկ եթե նա սկսի հարցնել, թե ինչ է կատարվում եւ ինչի համար են այդ բոլոր ծաղիկները, նրան կարելի է զգուշորեն բացատրել, որ անցյալում Հայոց ցեղասպանության ժամանակ շատ անմեղ մարդիկ են մահացել եւ այսօր մարդիկ հարգում են նրանց հիշատակը:
10-11 տարեկանից, ըստ մասնագետի, կարելի է արդեն երեխային ավելի մանրամասն պատմել Ցեղասպանության մասին եւ պատասխանել նրա մոտ առաջացած բոլոր հարցերին:
Այդ տարիքում երեխան արդեն բավականաչափ գիտի աշխարհի մասին, որպեսզի հասկանա լսածը:
Երեխային պատմելով ցեղասպանության մասին՝ կարեւոր է նրան չներշնչել զոհի հոգեբանությունը: Ավելին, եթե երեխան ծնվել է հենց ապրիլի 24-ին, կարեւոր է այնպես անել, որ նրա մոտ բացասական զգացումներ, վախեր եւ ֆոբիաներ չառաջանան այդ օրվա հետ կապված:
«Ամեն տարիքում երեխաներին կարելի է եւ պետք է պատմել ցեղասպանության մասին, բայց դա պետք է անել այնպես, որ ստացված տեղեկատվությունը մատչելի եւ հասկանալի լինի այդ տարիքի համար: Նրան պետք է այնքան տեղեկատվություն տալ, որքան նա կկարողանա հասկանալ», – նշեց հոգեբանը:
Ապրիլի 24-ին երեխային թույլ տալ հեռուստացույց դիտել այնքան էլ լավ միտք չէ, վստահ է հոգեբանը: Ցեղասպանության մասին վավերագրական կադրերը, ֆիլմերը եւ հաղորդումները, որոնք սովորաբար ցուցադրում են այդ օրը, կարող են չափից շատ բացասական տեղեկատվություն պարունակել, որի ընկալմանը երեխան կարող է դեռ պատրաստ չլինել: Անգամ դեռահասների եւ չափահաս մարդկանց համար նման կադրերը կարող են շատ ծանր լինել, իսկ երեխաներին դրանք դիտելը չափազանց անցանկալի է: