ՀՀ կառավարությունն այս տարի առաջին անգամ չի հայտարարել տենդեր Սևանա լճում խեցգետնի և ձկների պաշարների որոշման համար:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱկենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն ԲարդուղԳաբրիելյանը:
«Մենք արդեն գրեթե 15 տարի անընդմեջ իրականացրել ենք այդ մոնիթորինգը: Տենդերը հայտարարում է Բնապահպանության նախարարությունը: Բացի մեր ինստիտուտից՝ ոչ մի այլ կազմակերպություն չունի պաշարների ուսումնասիրման հնարավորություն, այդ իսկ պատճառով չի հայտարարվել տենդեր և չի հայտարարվելու»,- նշեց Գաբրիելյանը և հավելեց, թե պատճառաբանությունը եղել է այն, որ 7 մլն դրամ տրամադրվող գումարը բավարար չէ:
Նրա խոսքով՝ այդ գումարը ուսումնասիրությունների համար տրվել է մոտ 5-6 տարի շարունակ:
«Իրականում այդ 7 մլն դրամը բավարար չէ, քանի որ այդ ամենով պետք է որոշել արդյունաբերական և այլ ձկնատեսակների վիճակը լճում, խեցգետնի պաշարները, ինչպես նաև ձվադրավայր հանդիսացող գետերի վիճակը: Այդ գումարի բավարար չլինելն էլ, իր հերթին, չի նշանակում, որ մենք մեր աշխատանքը պատշաճ ձևով չէինք իրականացնում: Մենք հայթայթում էինք այլ միջոցներ՝ տնտեսված գումարներից, արտաբյուջետային ֆինանսավորումներով»,- ասաց Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը:
Գաբրիելյանը հիմնավոր չհամարեց 7 մլն դրամը չհատկացնելը միայն բավարար չլինելու պատճառաբանությամբ: Նրա խոսքով՝ հնարավոր էր այդ գումարը հատկացնել, օրինակ՝ միայն սիգ ձկնատեսակի պաշարները մանրամասն ուսումնասիրելու համար:
«Կառավարությունը թույլատրել է փոքր քանակությամբ սիգի օրինական որսը և այս դեպքում պաշարների որոշումն ավելի հրատապ է դառնում»,- ասաց Բարդուղ Գաբրիելյանը: