Քրեական օրենսգրքի հոդվածը թերի է և կարող է չտարածվել Ծառուկյանի վրա. Սոնա Այվազյան
Advertisement 1000 x 90

Քրեական օրենսգրքի հոդվածը թերի է և կարող է չտարածվել Ծառուկյանի վրա. Սոնա Այվազյան

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հիմքերին, ԱԺ էթիկայի հանձնաժողովում նրա հարցը քննելու կարևորությանն ու ապօրինի ձեռնարկատիրության վերաբերյալ Քրեական օրենսգրքի բացերին:

Հիշեցնենք՝ «Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ԱԺ նախագահին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով: Այսօր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնեց, որ ՔՈ ՍԴԿ-ի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն:

«Ծառուկյանի խոսքերն ամբողջությամբ ինքնախոստովանական ցուցմունք են այն մասին, որ նա իրականում զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: Նույնիսկ եթե հանձնել է հավատարմագրային կառավարման, ինչը արժե ստուգել, բայց բոլոր դեպքերում դա ձևական բնույթ է կրում: Իր խոսքում նա հստակ ցույց է տալիս, որ որոշումների ընդունողն ինքն է, նա կոնկրետ շահ ունի այդ բիզնեսներից, և չի դադարել, նույնիսկ պատրաստվում է ընդլայնել իր բիզնես գործունեությունը»,- ասաց Սոնա Այվազյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանում ցավալիորեն չի գործում հավատարմագրային կառավարման ինստիտուտը՝ իր լիարժեք իմաստով: «Գործելու պարագայում պատգամավորը պիտի ամբողջությամբ մի կողմ գնար բիզնեսից, առնվազն չմասնակցեր կառավարմանը վերաբերող որոշումների ընդունմանը: Մինդեռ տվյալ դեպքում Գագիկ Ծառուկյանը մի կողմից ունի բիզնես, մյուս կողմից Ազգային ժողովի ամբիոնից խոսում է մի հարցի շուրջ, որում հստակ շահագրգիռ անձ է: Հետևաբար՝ նա չի կարող հանրային շահ հետապնդել: Շահերի ակնհայտ բախում կա այստեղ»,- նշեց նա:

Անդրադառնալով դիմումի այն կետին, ըստ որի՝ պետք է «Օրենքով նախատեսված կարգով անցկացնել քննություն` պարզելու ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով սահմանված հանցակազմի առկայության վերաբերյալ»՝ Այվազյանն ասաց.

«Իրականում մեր Քրեական օրենսգրքում կան մի շարք թերություններ, բացեր: Պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը ամբողջությամբ չէ քրեականացված: Այսինքն՝ նույնիսկ 310 հոդվածը, որին դիմումում հղում է արվում, կարող է ճկուն մեկնաբանվել ու չտարածվել նրա վրա: Օրենքն ասում է, որ նրա արարքները պետք է կապված լինեն կազմակերպության արտոնություններ, առավելություններ տրամադրելու հետ, մինչդեռ այստեղ ոչ միայն կոնկրետ կազմակերպության հետ է կապված, այլ ընդհանուր բիզնեսի վերաբերյալ իր խոսքերի: Այսպիսով՝ կարող են ուղղակի չկապել կոնկրետ կազմակերպության հետ և այնպես մեկնաբանել, որ կիրառելի չլինի պարոն Ծառուկյանի դեպքում»:

Նա շատ տեղին համարեց ԱԺ-ում Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու և էթիկայի տեսանկյունից պատգամավորի վարքագիծը քննության առարկա դարձնելու մասին դիմումատուների պահանջը:

Ըստ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի գործադիր տնօրենի՝ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու երևույթը նախկինում համատարած բնույթ է կրել, իսկ ներկայում այդքան էլ շատ չեն մարդիկ, որոնք պաշտոն են զբաղեցնում ու միևնույն ժամանակ ձեռնարկատեր են: «Էթիկայի հանձաժողովի որոշումը կարող է նախադեպային լինել: Բիզնեսն ու քաղաքականությունը պետք է հստակ տարանջատված լինեն: Ցավում եմ, որ պարոն Ծառուկյանը դեռևս չի հասկացել՝ պետք է կողմնորոշվի՝ կա՛մ բիզնեսմեն է, կա՛մ քաղաքական գործիչ, չի կարող երկուսը միաժամանակ լինել»,- ասաց Սոնա Այվազյանը:

Նա անդրադարձավ նաև ԱԺ նախագահին ուղղված խնդրանքի մյուս կետին, այն է. «Սահմանադրության 95-րդ հոդվածի պայմանները խախտելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան»: Այվազյանն ասաց. «Չեմ կարծում, թե դրա կարիքը կա: Մեր Սահմանադրությունը շատ հստակ արգելում է այդ գործունեությունը: ՍԴ-ն պետք է դատողություններ անի՝ արդյոք դա սահմանադրական է թե ոչ, այս դեպքում ակնհայտ է, որ սահմանադրական չէ»:

infocom.am