Որքան երկար չփոխեք սմարթֆոնի կոտրված էկրանը, այնքան խնդիրն ավելի լուրջ կլինի:
Եթե հարվածից հետո սմարթֆոնի դիսփլեյը պատվել է ճաքերով, պետք է արագ դիմել մասնագետի: Շատ սմարթֆոններ պարզապես դադարում են աշխատել ճաքերից հետո: Բայց շատ դեպքերում էլ, սմարթֆոնն անգամ ճաքերով նորմալ աշխատում է: Երկրորդ դեպքը, սակայն, հետագայում կարող է առաջացնել սմարթֆոնի համար ավելի լուրջ խնդիրներ:
Թվում է, թե սարքի հետ ամեն ինչ կարգին է և վաղ է մասնագետին դիմելը, սակայն սա սխալ մոտեցում է:
Ինչո՞ւ է սմարթֆոնի կոտրված էկրանը վտանգավոր հեռախոսի աշխատանքի համար
- Էկրանը կդադարի արձագանքել հպումներին
Սովորաբար, սմարթֆոնի առջևի վահանակը բաղկացած է պաշտպանիչ ապակիներից, սենսորային վահանակից, որը զգում է հպումները, ինչպես նաև մատրիցայից, որը ցուցադրում է պատկերը:
Ավելի թանկարժեք սարքերում, ինչպիսիք են վերջին iPhone-ները կամ Samsung Galaxy S շարքը, սենսորային վահանակը ներկառուցվում է պաշտպանիչ ապակու մեջ, իսկ մատրիցան գտնվում է ամենափոքր հեռավորության վրա՝ առանց օդային բաց տարածության: Դա անհրաժեշտ է, որպեսզի նվազեցվի սմարթֆոնի հաստությունը, իսկ պատկերն ավելի արտահայտիչ լինի: Թվում է, որ հիմնական էկրանին պատկերները տեղադրված են անմիջապես մատների տակ:
Այս դեպքում ջերմաստիճանի անսպասելի փոփոխություններն ազդում են պաշտպանիչ ապակիների վրա: Լիցքավորման ընթացքում սմարթֆոնը տաքանում է, իսկ սառը եղանակի ժամանակ՝ անմիջապես սառչում: Սմարթֆոնի վրա ազդում են շփումը և այլ ուժերը, այնպես որ, սմարթֆոնը կարող է ցնցվել անգամ այն ժամանակ, երբ գտնվում է պայուսակում կամ գրպանում:
Եթե ապակին ամբողջական է, ապա դրա հետ ոչինչ չի լինի, իսկ վնասված էկրանը կարող է էլ ավելի վնասվել: Փոքր ճաքը կարող է մեծանալ, և 2-3 շաբաթ անց սմարթֆոնի վրայից կարող են ընկնել ապակու փոքր կտորներ:
Առաջինը, այս դեպքում, կվնասվի սենսորային վահանակը: Սմարթոնը պարզապես կդադարի արձագանքել հպումներին: Սա կարող է տեղի ունենալ սմարթոնի էկրանի ճաքելուց հետո ցանկացած պահի՝ կախված ճաքի մեծությունից և խորությունից:
- Կոտրված ապակին կվնասի հեռախոսի այլ մասերը
Սմարթֆոնները հնարավորինս կոմպակտ և փոքր արտադրելու համար ժամանակակից պրոցեսորը, հզոր մարտկոցը և այլ բաղադրիչներ տեղադրվում են միմյանցից նվազագույն հեռավորության վրա:
Այս բաղադրիչները, սովորաբար, տեղադրված են պլաստիկե, ապակե կամ մետաղական կորպուսում: Դրանք չեն շարժվում և չեն վնասում իրար: Սակայն պատկերը փոխվում է, երբ էկրանը կոտրվում է:
Առաջին հերթին՝ վնասվում է մատրիցան: Դրա վրա ճնշում է գործադրում ապակին: Ընդհանուր առմամբ, այն հուսալիորեն պաշտպանել է մատրիցան վնասներից, իսկ այժմ այն դառնում է մատրիցայի հիմնական թշնամին և դրա աշխատանքի խանգարման պատճառը:
Կոտրված էկրանը վտանգի տակ է դնում նաև այլ բաղադրիչների աշխատանքը: Դրանք սկսում են շարժվել, հպվել իրար և վնասվել: Սմարթֆոնի էկրանին յուրաքանչյուր հպումը կարող է վերջինը դառնալ հիմնական պլատայի համար:
Կոտրված էկրանը պլատայի և բաղադրիչների համար վնասակար է հատկապես այն դեպքում, երբ դուք ակտիվորեն օգտագործում եք սմարթֆոնը:
Սմարթֆոնի ներքին բաղադրիչների անգամ փոքր խնդիրը կարող է շարքից դուրս հանել սմարթֆոնը և առաջացնել լրացուցիչ ծախսեր:
- Սմարթֆոնը կարող է խոնավանալ և շարքից դուրս գալ
Սմարթֆոնի ներքին բաղադրիչների հիմնական թշնամին ջուրն է: Ահա թե ինչու արտադրողները սմարթֆոնի բաղադրիչներին միացնում են հատուկ պաշտպանիչ հատվածներ, որոնք թույլ չեն տալիս, որ կարևոր բաղադրիչները խոնավանան:
Galaxy S10 և iPhone XS-ը պաշտպանում են IP68 համակարգով և կարող են 30 րոպե մնալ ավելի քան 1 մետր խորությամբ ջրի մեջ:
Ամեն ինչ փոխվում է, երբ կոտրվում է պաշտպանիչ ապակին: Դրա միջոցով խոնավությունը ներթափանցում է սմարթֆոնի ներս: Հեռախոսը կարող է խոնավանալ անգամ խոնավ եղանակի ժամանակ:
Սմարթֆոնի հիմնական բաղադրիչները, հիմնականում, տեղադրված են գլխավոր պլատայի վրա: Կոռոզիայի դեպքում կարող են վնասվել անգամ ամենալավ պաշտպանված բաղադրիչները:
Ճաքերի միջոցով խոնավացած սմարթֆոնները, հնարավոր է, այդ պահին նորմալ աշխատեն: Սակայն սմարթֆոնը կարող է խնդիրներ ունենալ ցանկացած պահի:
Եթե դուք գցեք ճաքած էկրանով հեռախոսը ջրի մեջ, ապա դժվար թե այն փրկել հաջողվի:
Ի՞նչ անել, եթե հնարավոր չէ փոխել ապակին
Հնարավոր է, որ դուք չունենաք ժամանակ սմարթֆոնի էկրանը փոխելու համար: Դուք կարող եք հեռու լինել սպասարկման կենտրոններից ճանապարհորդության ժամանակ, կամ էլ ՝ կարող եք ապշել՝ տեսնելով, թե որքան արժի սմարթֆոնի ապակի փոխելը:
Այդ ժամանակ պետք է սմարթֆոնը պաշտպանել ամբողջությամբ: Կա դա անելու երկու տարբերակ.
- Էկրանը ծածկել պաշտպանիչ թաղանթով կամ ապակիով
Պաշտպանիչ ապակին կպաշտպանի ձեր մատները վնասվածքներից, կփոքրացնի էկրանի ֆիզիկական վնասի չափը և մասնակի կպաշտպանի սմարթֆոնի սենսորային վահանակը և մատրիցան:
Պաշտպանիչ ապակու կամ թաղանթի շնորհիվ սմարթֆոնի ներքին բաղադրիչները մասնակի պաշտպանված կլինեն խոնավությունից:
- Սմարթֆոնը դրեք անջրաթափանց պատյանի մեջ
Սովորաբար նման պատյանները հատուկ թափանցիկ թաղանթ ունեն՝ սմարթֆոնի առջևի վահանակի համար: Այն կպաշտպանի սմարթֆոնը հետագա վնասներից և թույլ չի տա խոնավությանը ներթափանցել սմարթֆոն:
Ի՞նչ կարող է անել մասնագետը կոտրված էկրանի դեպքում
Սմարթֆանի մոդելից կախված՝ ձեզ կարող է առաջարկվել 3 տարբերակ՝ տեղադրել նոր ապակի, փոխել ապակին և սենսորային վահանակը, կամ էլ՝ փոխել ամբողջ էկրանը:
Խորհուրդ է տրվում զգուշացնել մասնագետներին, թե որքան ժամանակ է կոտրված եղել սմարթֆոնի էկրանը, արդյո՞ք ճաքերի ժամանակ այն խոնավացել է, թե՞ ոչ:
Սիրարփի Աղաբաբյան