Հեղափոխությունից հետո վարչապետ ընտրվելու մեկ տարվա կապակցությամբ մայիսի 8-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 100 փաստ Հայաստանի մասին, որի ընթացքում, սակայն, հնչեցին մի շարք մանիպուլյատիվ և ապակողմնորոշող թեզեր։
Վարկային պայմանագրերի մասին
Մասնավորապես, Փաշինյանի ներկայացրած 47-րդ փաստը վերաբերում էր 2018 թվականի հոկտեմբերին Եվրոպական ներդրումային բանկի և Կենտրոնական բանկի միջև կնքված 50 մլն եվրո գումարի վարկային պայմանագրին։ Այդ վարկը Հայաստանին տրվում է փոքր և միջին ձեռնարկության վարկավորման նպատակով:
Ըստ Փաշինյանի, այդ վարկը չի հանդիսանում կառավարության պարտք և չի ներառվում պարտքի սահմանափակումների հաշվարկում։
Նշենք, որ չնայած պայմանագիրը կնքվել է հոկտեմբեր ամսին՝ Փաշինյանի վարչապետության ժամանակ, սակայն, ինչպես տեղեկանում ենք սույն տեղեկությունը հաստատող փաստաթղթից, այս ծրագիրը մասնավոր հատվածի ֆինանսավորման երրորդ նախաձեռնությունն է ԵՆԲ և Կենտրոնական բանկի համագործակցությամբ, և 2014 թվականից ի վեր իրականացվել են ՓՄՁ կազմակերպությունների՝ 100 մլն եվրո արժողությամբ ֆինանսավորման ծրագրեր:
Այս թեմային մամուլը անդրադարձ կատարել է նաև 2016 թվականին՝ մանրամասնելով, որ 2014-2020 թթ. մանդատը թույլ է տալիս Եվրոպական ներդրումային բանկին տրամադրել 4,8 միլիարդ եվրո ֆինանսավորում Եվրամիության երաշխիքով։
Քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու մասին
Փաշինյանի մեկ այլ պնդմամբ, Հայաստանում լուծվել է քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը, և իրականացվել է լայնածավալ քրեական համաներում: Սակայն վարչապետը չի նշում, թե ինչ բացասական հետևանքներ է ունեցել համաներման գործընթացը։
Համաներման մարդասիրական կողմը մի կողմ թողնելով՝ հարկ ենք համարում արձանագրել, որ նոյեմբերի 1-ին պաշտոնապես ընդունված համաներման մասին օրենքից հետո, ոստիկանության տվյալների համաձայն, բացահայտվել են կրկնահանցագործություններ։ 581 ազատ արձակված քաղաքացիներից 30-ը ընդհանուր թվով 42 հանցագործություն են կատարել։
Դավիթ Սանասարյանի քրեական գործի մասին
Ասուլիսի ընթացքում վարչապետն անդրադարձավ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործին՝ նշելով, որ ինքն է դեմ եղել գործը Հատուկ քննչական ծառայությունում քննելուն։ Փաշինյանը դա պատճառաբանեց հետևյալ կերպ․«Կստացվի, որ մենք կառավարության ներսում ի վիճակի չենք քննել մեր վերաբերյալ քննվող գործերը, այսինքն՝ մենք չունեք բավարար քաղաքական կամք, որ մեր գործերը քննարկենք, ու տալիս ենք ուրիշին, և ուրիշն է, որ մեր հետ կապված քրգործերը քննի»։
Վարչապետը նաև հավելեց, որ եթե օբյեկտիվության համար գործը պետք է գնա Հատուկ քննչական ծառայություն, ինքը ոչ մի խնդիր չի տեսնում։
Նշենք, սակայն, որ ՀՔԾ-ն ստեղծվել է որպես անկախ մարմին, որը պետք է քննի Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայողների՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն: Դա սահմանվում է ինչպես Հատուկ քննչական ծառայության մասին օրենքով, այնպես էլ Քրեական դատավարության օրենսգրքով։
Ավելին՝ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանվում է, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել և Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք առնչվում են թվարկված պաշտոնատար անձանց հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններին, կամ որոնցով այդ անձինք ճանաչված են որպես տուժող, ինչպես նաև ցանկացած այլ քրեական գործ, եթե դրա փաստական հանգամանքներով պայմանավորված` առկա է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտություն:
Հետևաբար՝ վարչապետի վերոնշյալ պնդումը «բավարար քաղաքական կամքի» հետ աղերսներ չունի և հակասում է օրենքին։
Ամբողջությամբ՝ fip.am