Հայտնի բանաստեղծ Գեղամ Սարյանի բալլադներից մեկում պատմվում է մի լեգենդ հայոց փառքի տաճարի` Զվարթնոցի մասին: Այդ բալլադ-լեգենդը նվիրված է հայ մեծ ճարտարապետ Թորոս Թորամանյանի հիշատակին: Իսկ լեգենդն ասում է, թե մի անգամ հայոց իշխան Թեոդորոս Ռշտունուն հյուր է գալիս Բյուզանդիայի կայսր Կոստաս 2-րդը: Նա շրջում է ողջ Հայաստանում, տեսնում հայոց շքեղ տաճարները, եկեղեցիներն ու պալատները, իսկ վերջում կայսեր վերադարձի առթիվ կազմակերպված խնջույքին կայսր Կոստասը, իր խոսքն ուղղելով հայոց իշխանին, ասում է, որ ինքը տեսավ հայերի շքեղ վանքերն ու քանդակազարդ պալատները, բայց, այնուհանդերձ, հայերն այնպիսի շքեղ տաճար չունեն, որն իր փառքով կարողանար մրցել Բյուզանդիայի Սուրբ Սոֆիայի հիասքանչ տաճարի հետ:
Կոստաս կայսեր Բյուզանդիա վերադառնալուց հետո հայոց իշխանն իր մոտ է կանչում ճարտարապետ Հովնանին և պատվիրում կառուցել այնպիսի մի հիասքանչ տաճար, որ հետագա սերունդները մշտապես հպարտանան իրենց նախնիների գործերով և, որ անպայման, այն իր գեղեցկությամբ գերազանցի Սուբ Սոֆիայի տաճարին:
Ճարտարապետ Հովնանը խոստանում է իրագործել իշխանի կամքը: Եվ մի օր արևածագին, երբ Հովնանը խորհում էր, թե ինչպիսի տեսք պետք է ունենա ապագա հայոց փառքի տաճարը, հանկարծ նայելով Մասիսին` մտքի պայծառացում է ունենում և շուտով նրա մտքում հառնում է մի հիասքանչ տաճարի ուրվապատկեր: Շատ չանցած սկսվում է ապագա փառքի տաճարի կառուցումը, բայց, ավա~ղ, երբ կառուցվում են տաճարի առաջին պատերը, երեկոյան մութն ընկնելուց հետո այն փուլ է գալիս: Հավնանն աղոթում է աստծուն, որ նա չարը խափանի: Նորից են սկսվում տաճարի պատերի կառուցումը, սակայն գիշերը այն կրկին փլվում է և այդպես յոթ օր շարունակ: Իսկ մի օր, երբ հուսահատված Հովնան ճարտարապետը քուն է մտնում, գիշերը երազում նրան են հայտնվում երկու ծերունիներ` Իսիդոր Միլետացին և Անթեմիուս Թրալեսցին, որոնք Հովնանին հայտնում են, որ իրենք են Սուրբ Սոֆիայի տաճարի ճարտարապետները և եթե Հովնանն ուզում է իր տաճարի պատերը չփլվեն, այլ բարձրանան, պետք է նրանց հիմքում թաղի սիրտ և սեր, հակառակ դեպքում տաճարը ոչ մի կանգուն վեր չի բարձրանա:
Սարսափած Հովնանը վեր է թռչում և իր տեսածի մասին հայտնում է ալևոր հորը: Վերջինս Հովնանին ասում է, որ չի ուզի, որ իր կյանքը նրան վիշտ պատճառի, ուստի թող իրեն թաղի տաճարի պատերի տակ, և թող ինքը վեմ լինի հայոց փառքի տաճարին: Ի վերջո, Հովնանը դառնացած սրտով և դառնաղի արցունքներով տաճարի հիմքի տակ թաղում է կենդանի հորը: Սակայն, օ~, պատուհաս: Երբ վրա է հասնում գիշերը, տաճարի պատերը նորից են փլվում: Երազում Հովնանին կրկին այցելում են երկու ծերունի ճարտարապետներն ու ասում, որ դու դեռ քո բովանդակ սիրտն ու սերը չես դրել տաճարի հիմքում և մինչև դա չանես, տաճարը ոչ մի շարք վեր չի բաձրանա: Հովնանը հուսահատության պահին այս մասին պատմում է մորը, որը վերջինիս պատվիրում է իրեն ևս թաղել տաճարի հիմքում` ասելով, որ պատրաստ է մատաղ լինել, թե նրա բարուն, թե նրա չարին, միայն թե տաճարը վեր բարձրանա: Ի վերջո, տաճարի հիմքում թաղում են նաև Հովնանի մորը, իսկ Հովնանը դառնորեն լաց է լինում: Սակայն, դա էլ չի օգնում, և կարծես ճակատագրի հեգնանքով տաճարի պատերը նորից փլվում են:
Հովնանին երազում կրկին հայտնվում են ծեր ճարտարապետներն ու կրկնում, որ Հովնանը դեռ իր բովանդակ սիրտն ու սերը չի դրել տաճարի հիմքում և մինչև դա չանի, տոճարը ոչ մի շարք վեր չի բաձրանա: Այս անգամ Հովնանն իր տառապանքը հայտնում է սիրած աղջկան, որն անվեհեր կերպով Հովնանին առաջարկում է իրեն ևս կենդանի թաղել տաճարի հիմքում` ասելով, որ քանի որ սիրել է նրան, տեր է և նրա տառապանքին, և որ ինքը ևս պատրաստ է վեմ դառնալ հայոց փառքի տաճարին: Երբ տաճարի հիմքում թաղում են նաև Հովնանի սիրած աղջկան, տաճարի պատերն իսկապես անխաթար վեր են բարձրանում:
Յոթ տարի է տևում տաճարի շինարարությունը: Եվ ի վերջո, երբ այն ավարտվում է` ցնծում է Հովնանի հոգին` տեսնելով իր մտքի ուրվապատկերը կենդանություն առած: Հայոց իշխանը նույնպես ցնծում է` տեսնելով հայոց փառքի վեհասքանչ տաճարը: Նա հրավեր է ուղարկում Բյուզանդիայի կայսր Կոստասին, որպեսզի նա ևս ներկա լինի հայոց փառքի տաճարի օծմանը: Գալիս է կայսրը, և դիտելով հայոց նորաստեղծ տաճարը` բացականչում է. «Միթե այս տաճարը ավելի վեհ չէ Բյուզանդիայի Սուրբ Սոֆիայի տաճարից»: Նրա այդ խոսքերից հայոց իշխանի հոգին ցնծում է, սակայն, նույն պահին կայսրը արձակում է հրաման` իր հետ Բյուզանդիա ճամփել ճարտարապետ Հովնանին, որ իր` կայսրի համար ևս մեկ նման տաճար կառուցի: Այս հրամանը լսելով` տխրում է Հովնանը, սակայն, չի պատրաստվում իրագործել կայսեր ցանկությունը: Նա անմիջապես բարձրանում է իր նորակառույց տաճարի գմբեթն ու իր վերջին խոսքերն ուղղելով Կոստաս կայսրին` ասում է. «Թող հայտնի լինի կայսրին, որ հայոց փառքի տաճարն աննման հայոց երկրից պիտի նայի աշխարհին»:
Այնուհետև գմբեթից իրեն նետելով ցած` Հովնանը ևս մահանում է` սիրտն ու սերը տված քարերին, բայց նրանից, ի պահ սերունդների և դարերի, մնում է հայոց փառքի տաճարը:
Նյութի աղբյուր` Գեղամ Սարյան «Փառքի տաճարը», տե’ս «Երկերի ժողովածու», հատ. 2, Երևան, 1969, էջ 145-152:
Հեղինակ` Կարապետ Հակոբյան