Աթենաս-Պալլասին Զևսն է աշխարհ բերել: Շանթարձակ Զևսը գիտեր, որ բանականության աստվածը՝ Մետիսը, երկու երեխա է ունենալու. դուստրը՝ Աթենասը, և արտասովոր խելքի ու զորության տեր մի տղա:
Մոյրաները՝ ճակատագրի աստվածուհիները, Զևսին հայտնեցին գաղտնիքը, որ Մետիս աստվածուհու որդին նրան գահընկեց կանի և կխլի աշխարհի տիրապետությունը: Վախեցավ մեծն Զևսը: Խուսափելու համար ահեղ ճակատագրից, որ կանխատեսում էին նրան մոյրաները, նա փաղաքուշ խոսքերով քնեցրեց Մետիս աստվածուհուն ու կլանեց, նախքան նա կծներ դստերը՝ Աթենաս աստվածուհուն:
Մի որոշ ժամանակ անց Զևսը սոսկալի գլխացավ ունեցավ: Եվ նա կանչեց իր որդի Հեփեստոսին ու հրամայեց ճեղքել իր գլուխը, որպեսզի ազատվի անտանելի գլխացավից ու գլխի միջի աղմուկից: Հեփեստոսը տարավ-բերեց կացինը ու հզոր մի հարվածով ճեղքեց Զևսի գլուխը՝ առանց նրան վնաս պատճառելու, և շանթարձակի գլխի միջից դուրս եկավ հզոր ռազմուհի Աթենաս-Պալլաս դիցուհին: Ոտքից գլուխ զինվառ, շողշողուն սաղավարտով, նիզակն ու վահանը ձեռքին կանգնեց նա օլիմպացի աստվածների ապշահար հայացքի առաջ: Ահեղորեն ճոճեց իր շողշողուն նիզակը, և նրա ռազմի կանչը որոտաց հեռու՝ երկինքն ի վեր և հիմն ի վեր ցնցեց լուսակերտ Օլիմպոսը:
Հրաշագեղ ու վսեմափայլ՝ կանգնել էր նա աստվածների առաջ: Աթենասի կապուկակ աչքերը փայլում էին աստվածային իմաստությամբ. նա ոտքից գլուխ շողում էր հզոր, երկնային հրաշք գեղեցկությամբ: Փառաբանում էին աստվածները Զևսի գլխից ծնված նրա սիրելի դստերը՝ քաղաքների պաշտպանին, իմաստության ու գիտելիքների աստվածուհուն, անպարտելի ռազմիկ աստվածուհուն՝ Աթենաս-Պալլասին:
Աթենասը հովանավորում է Հունաստանի հերոսներին, նրանց իմաստուն խորհուրդներ տալիս: Նա՝ անպարտելին, վտանգի ժամին օգնում է նրանց: Պահպանում է քաղաքները, բերդերն ու նրանց պարիսպները: Նա իմաստություն ու գիտություն է շնորհում, մարդկանց արվեստ ու արհեստ սովորեցնում: Իսկ Հունաստանի աղջիկները մեծարում են Աթենասին, որովհետև իրենց ձեռագործ է սովորեցնում: Աստվածներից ու մահկանացուներից ոչ ոք չի կարող գերազանցել Աթենասին այդ արվեստի մեջ: Բոլորը գիտեն, թե որքան դժվար է մրցել նրա հետ այդ գործում, գիտեն նաև, թե ինչպես հատուցեց դրա համար Իդմոնոսի դուստրը՝ Արաքնեն, որ ուզում էր Աթենասից էլ բարձր լինել այդ արվեստով: