Դեմքի կարմրելն ալկոհոլ օգտագործելուց հետո կարող է մատնանշել լուրջ հիվանդությունների մասին. գիտնականներ
Advertisement 1000 x 90

Դեմքի կարմրելն ալկոհոլ օգտագործելուց հետո կարող է մատնանշել լուրջ հիվանդությունների մասին. գիտնականներ

Որոշ մարդկանց դեմքը ալկոհոլ օգտագործելուց հետո նկատելիորեն կարմրում է արյան հոսքի պատճառով։ Դա կարող է ահազանգել այնպիսի հիվանդությունների առաջացման մասին, ինչպիսին են զարկերակային հիպերտենզիան և քաղցկեղի որոշ տեսակներ, ասում են գիտնականները։

Ինչպես ներկայացնում է Medical NewsToday պարբերականը, այդ կապը հաստատել է երկու հետաքրքիր հետազոտություն։

Առաջին հետազոտությունում (արդյունքները հրապարակվել են Alcoholizm: clinical&experimental research ամսագրում) կորեացի գիտնականների խումբը դիտարկել է զարկերակային ճնշման մակարդակի տարբերությունները տղամարդկանց երկու խմբի մոտ. առաջին խմբում ալկոհոլ օգտագործելուց հետո ի հայտ է եկել հիպերեմիա, իսկ երկրորդ խմբի տղամարդկանց մոտ նման էֆեկտ չի նկատվել։ Հաշվի են առնվել նաև տարիքը, քաշը, ծխելը և ֆիզիկական բեռնվածությունների մակարդակը։

Ինչպես պարզվել է,  անգամ բոլոր մյուս գործոնները հաշվի առնելով՝ տղամարդիկ, որոնք կարմրել են ալկոհոլ օգտագործելուց հետո, ունեցել են հիպերտոնիայի զարգացման ավելի մեծ ռիսկ, երբ խմել են 4 և ավելի չափաբաժին ալկոհոլ մեկ շաբաթում։

Երկրորդ հետազոտության հեղինակները (արդյունքները հրապարակվել են 2017 թվականին NSBI-ում) պարզել են կապ ալկոհոլ օգտագործելուց հետո դեմքի կարմրելու և քաղցկեղով հիվանդանալու միջև։ Նրանք պարզել են, որ դեմքի հիպերեմիա ունեցող տղամարդիկ կոկորդի և կերակրափողի քաղցկեղով հիվանդանալու ավելի մեծ ռիսկ են ունեցել նրանց համեմատ, որոնց դեմքը ալկոհոլ օգտագործելուց հետո չի կարմրել։

Հրապարակման մեջ նշվում է, որ դեմքի կարմրելն ալկոհոլ օգտագործելուց հետո ավելի հաճախ հանդիպում է արևելաասիական ծագում ունեցող մարդկանց մեջ։ Դա կապված է այն բանի հետ, որ որոշակի գենոտիպ ունեցող մարդկանց մոտ ցածր է այն ֆերմենտի մակարդակը, որը մասնակցում է էթանոլի ճեղքմանը։ Ոմանց մոտ այդ ֆերմենտը բոլորովին գոյություն չունի։ Արդյունքում՝ օրգանիզմում կուտակվում է էթանոլի քայքայումից առաջացող նյութ՝ թունավոր ացետալդեհիդ, իսկ դեմքի կարմրելը անոթների արձագանքն է արյան մեջ դրա պարունակության բարձրացման։

Պետք է նշել, որ եթե մարդը չարաշահում է ոգելից խմիչքները, ացետալդեհիդը կարող է կուտակվել և թունավորել օրգանիզմը, անգամ եթե օրգանիզմում նորմալ արտադրվում է վերոնշյալ ֆերմենտը։

med.news.am