NEWS.am–ի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Միհրան Պողոսյանի հիմնադրած «Քեթրին գրուպ» ընկերությունը միլիոնավոր դոլարների պարտք է կուտակել և սնանկ ճանաչվել։
«Քեթրին գրուպ» ընկերությունը պարտք է կուտակել մեկ տասնյակից ավելի ընկերությունների նկատմամբ։ Պարտատեր ընկերություններից մեկն էլ ամիսներ առաջ դիմել էր դատարան՝ «Քեթրին գրուպին» սնանկ ճանաչելու պահանջով։
Միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «Ալիանս-Լոջիսթիք» ՍՊԸ-ի ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ «Ալիանս-Լոջիսթիք» ընկերությունը 2016թ-ի հոկտեմբերից մինչև 2018թ նոյեմբերը «Քեթրին գրուպին» մատուցել է բեռների փոխադրման կազմակերպման հետ կապված ծառայություններ:
Ըստ ընկերության՝ ծառայությունների թերի մատուցման ընթացքում պարտապանին պատճառվել է 5.647.500 ՀՀ դրամի չափով վնաս, իսկ դիմումը ներկայացնելու պահին «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի պարտքը կազմել է 6.832.857 ՀՀ դրամ:
Դատաքննության ընթացքում «Քեթրին Գրուպի» ներկայացուցիչն առարկել էր ներկայացված հայցի դեմ՝ նշելով, որ ՀՀ իրավասու վարչական մարմինների կողմից կիրառվել են արգելանքներ, որոնց պատճառով «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ն օբյեկտիվորեն հնրավորություն չի ունեցել կատարել իր պարտավորությունները:
Այսպիսով Սնանկության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Բաբայանի, վճռել է «Ալիանս-Լոջիսթիք» ՍՊԸ-ի դիմումն ընդդեմ «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի` վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին, բավարարել և «Քեթրին Գրուպ» ընկերությանը ճանաչել սնանկ։
Դատարանի որոշմամբ՝ պարտապանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Տիգրան Սահակյանը:
Դատարանի որոշմամբ՝ պարտատերերի առաջին ժողովը պետք է կայանար 2019թ. հուլիսի 1–ին, սակայն Տիգրան Սահակյանը NEWS.am–ին տեղեկացրեց, որ ժողովը չի կայացել, քանի որ «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ն վերադասության կարգով ամբողջությամբ բողոքարկել է պարտատերերի ցուցակը։
«Ըստ օրենքի՝ պարտատերերի ժողովը տեղի է ունենում այն դեպքում, երբ առնվազն մեկ հաստատված պարտատեր կա, իսկ այս պարագայում ցուցակը դեռ հաստատված չէ, հետևաբար ժողովը կայանալ չէր կարող»,–ասաց մեր զրուցակիցը։
ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի պարտատերերի պահանջների նախնական ցուցակի համաձայն՝ լուծարման գործընթացի մեջ գտնվող ընկերության դեմ գումարային պահանջ է ներկայացրել մեկ տասնյակից ավելի ընկերություններ, այդ թվում՝ «Կեչառիս հոթել» ՍՊԸ–ն։ Նշենք, որ մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ «Կեչառիս հոթել»–ը պատկանում է Միհրան Պողոսյանի ընտանիքին։ Տարբեր ընկերությունների կողմից ներկայացված գումարային պահանջն ընդհանուր առմամբ գերազանցում է շուրջ 753 մլն դրամը։
Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը ներկայումս գտնվում է հետախուզման մեջ առանձնապես խոշոր չափերով յուրացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի կապակցությամբ ՀՔԾ–ում քննվող քրեկան գործի շրջանակներում։
Միհրան Պողոսյանը հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ-ում, ապա կալանավորվել: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը մայիսի 28-ին փոխվել էր և նա այժմ գտնվում է տնային կալանքի տակ: Ըստ դատախազության՝ նրա արտահանձման գործընթացը շարունակում է: