Շոգ եղանակին ինչո՞վ են վտանգավոր սուրճն ու թեյը. պարզաբանում է դիետոլոգը
Advertisement 1000 x 90

Շոգ եղանակին ինչո՞վ են վտանգավոր սուրճն ու թեյը. պարզաբանում է դիետոլոգը

Ամռանը ճիշտ սնվելը օրգանիզմին կօգնի ավելի հեշտ հաղթահարել լրացուցիչ ծանրաբեռնվածությունը, որն առաջանում է շոգ եղանակի հետևանքով:

Էնդոկրինոլոգ-դիետոլոգ Հասմիկ Աբովյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում կարևորեց սննդամթերքը պահելու և մշակելու կանոնների պահպանումը: Մթերքները պետք է թարմ լինեն, դրանք պետք է պահել սառնարանի մեջ, արգելված է հում և պատրաստի մսի կամ ձկան կտրատումը նույն տախտակի վրա:

Ինչո՞ւ է ամռանը նվազում մսի, ձկան և ծանր կալորիական մթերքների պահանջը:

«Որովհետև շոգ եղանակին մենք ավելի քիչ էներգիայի կարիք ունենք: Ցուրտ եղանակին մենք պետք է տաքանանք, կալորիաների սպառումը մեծանում է, աճում է ճարպոտ և տաք կերակուրի գործածումը: Շոգ եղանակին, հակառակը, հարկավոր է հովանալ, օրգանիզմը թելադրում է ուտել ավելի շատ մրգեր և բանջարեղեն, ավելի շատ հեղուկ խմել»,- պարզաբանեց Աբովյանը:

Ինչ վերաբերում է ամռան շրջանում գործածվող հեղուկի խորհուրդ տրվող քանակությանը, ապա փորձագետը նշեց, որ առողջ մարդու օրգանիզմը ջրա-էլեկտրոլիտային հաշվեկշռի կարգավորման բարդ համակարգ ունի: Զգուշավորություն պետք է դրսևորեն տարեցները. նրանք կարող են չկողմնորոշվել, որ առողջական վիճակի վատթարացումը (թուլություն, սրտի խփոց, տախիկարդիա, մակերեսային շնչառություն) կարող են կապված լինել ջրազրկման հետ:

«Մինչդեռ առողջ մարդն ունի ջրա-աղային հաշվեկշռի կարգավորման հզոր մեխանիզմ»,- հայտնեց նա:

Հետաքրքիր է, որ տարածված ըմպելիքները՝ թեյը և սուրճը, կարող են դառնալ օրգանիզմի ջրազրկման պատճառ: «Դրանք հզոր դիուրետիկներ են, այսինքն՝ միզամուղ միջոցներ: Այս պատճառով թեյից կամ սուրճից հետո պետք է մեկ բաժակ ջուր խմել»,- խորհուրդ է տալիս Աբովյանը:

med.news.am