Հետազոտողների միջազգային խմբին հաջողվել է լույս սփռել կերակուրի և ալկոհոլային ըմպելիքների հանդեպ մարդկանց հակվածության վրա: Ըստ Nature Human Behaviour ամսագրում հրապարակված հոդվածի՝ ոգելիցի հանդեպ սերը գեների մեջ է:
Հետազոտության շրջանակում վերլուծվել են 40-ից մինչև 69 տարեկան շուրջ 500 հազար մարդու գենետիկ տվյալները: Արդյունքում հայտնաբերվել են գենոմի 46 նոր հատվածներ, որոնք որոշում են մարդու հակվածությունը ալկոհոլի օգտագործման հանդեպ: Այսպես՝ գենետիկ ցածր նախահակվածության առկայությամբ մարդիկ օրական միջինը 2,6 գրամ ավելի քիչ են ոգելից խմում նրանց համեմատությամբ, ովքեր բարձր նախահակվածություն ունեն:
Եվս մեկ հետազոտություն վերաբերում է նատրիումի՝ կերակրի աղի հիմնական բաղադրիչի գործածման հանդեպ գենետիկ նախահակվածությանը: Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում հաղորդվում է, որ գրեթե 500 հազար մարդկանց անալիզի արդյունքներով հայտնաբերվել են գենոմի 50 հատվածներ՝ կապված նատրիումի գործածման մակարդակի հետ, և 13 հատվածներ՝ կապված կալիումի գործածման հետ:
Ընդ որում՝ աղի կերակուրի հանդեպ սերը որոշող գենետիկ տարբերակը կապ ունի գեների հետ, որոնցում մուտացիաները մեծացնում են ճարպակալման, հիպերտոնիայի և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը: