Հակաբիոտիկների հանդեպ կայուն մանրէներն ավելի լուրջ սպառնալիք են ներկայացնում, քան կարծում էին մինչև այժմ։ Կայուն մանրէներն ամեն տարի վարակում են 3 մլն ամերիկացիների և սպանում նրանցից 35 հազարին՝ համաձայն ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխման կենտրոնի զեկույցի։
Ինչպես տեղեկացնում է Science Alert պարբերականը, յուրաքանչյուր 11 վայրկյանում մեկ մարդ վարակվում է կայուն մանրէով, իսկ յուրաքանչյուր 15 րոպեում ինչ-որ մեկը մահանում է բուժման չենթարկվող սուպերվարակից։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ վերջին 30 տարիներին չի մշակվել նոր դասի ոչ մի հակաբիոտիկ, իսկ արդեն առկաների հանդեպ կայունությունը տարածվում է վախեցնող արագությամբ։
Իսկ լավ նորությունն այն է, որ մահացությունը սուպերվարակից հաջողվել է նվազեցնել 30 տոկոսով՝ շնորհիվ հիվանդանոցներում ախտածինների ստուգման մեթոդների կատարելագործման, որտեղ ամենից հաճախ են տարածվում այդ վարակները։
Ամենավտանգավոր մանրէներն այսօր համարվում են Clostridioides difficile-ները (առաջ են բերում մահացու վարակներ հակաբիոտիկների պատճառով աղեհամակարգի միկրոֆլորայի ոչնչացման ֆոնին), դեղերի հանդեպ կայուն սուսանակը և կարբապենեմ-կայուն էնտերոմանրէները (CRE)։ Այս բոլոր ախտածինները կայուն են բոլոր կամ գրեթե բոլոր հակաբիոտիկների հանդեպ և սպանում են վարակված պացիենտների մոտ կեսին։
Վարակի ռիսկը նվազեցնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հետևել ձեռքերի հիգիենային, պատվաստումներ ստանալ, ճիշտ պատրաստել սննդամթերքները և զբաղվել անվտանգ սեքսով։ Պակաս կարևոր չէ հակաբիոտիկներ չօգտագործելն առանց բժշկի նշանակման, չէ՞ որ դա նպաստում է հակաբիոտիկակայունության տարածմանը։