Մեզանից շատերին ամեոբաներն անվնաս, պարզագույն էակներ են թվում, որոնց մասին կարդացել ենք կենսաբանության դասագրքերում: Մինչդեռ իրականում նրանք այդքան էլ անվնաս չեն: Օրինակ՝ քաղցրահամ ջրերի Naegleria fowleri ամեոբայով վարակվելը կարող է կյանքի համար լուրջ վտանգ հանդիսանալ:
Սովորաբար այս ամեոբայով վարակումը տեղի է ունենում լողալիս՝ քթանցքերի միջոցով այն հոտառության նյարդերով շարժվում է դեպի գլխուղեղ, որտեղ սկսում է ուղեղի բջիջները քայքայել՝ առաջացնելով առաջնային ամեոբային մենինգոէնցեֆալիտ: Հիվանդի ջերմաստիճանը բարձրանում է, սրտխառնոց և գլխացավ է առաջանում, պարանոցը փայտանում է: Հիվանդության սաստկացման դեպքում (իսկ այն շատ արագ է սաստկանում) առաջանում են հալուցինացիաներ, ջղաձգումներ, և հիվանդը կոմայի մեջ է ընկնում: Վարակվելուց ընդամենը մեկ-երկու շաբաթ հետո հիվանդն ավելի հաճախ մահանում է:
Սակայն 16-ամյա Սեբաստիան Դելեոնի բախտը բերել է. նա հիվանդացել էր նեգլերիազով, որը հարուցում է Naegleria fowleri ամեոբան, սակայն ողջ է մնացել և այժմ արդեն ապաքինվում է: Սեբաստիանը ԱՄՆ-ում ընդամենը չորրոդ հիվանդն է, որը վարակվելուց հետո ողջ է մնացել:
Օգոստոսի 7-ին Սեբաստիանի մոտ առաջին ախտանշաններն են երևան եկել, և նրան տեղափոխել են Ֆլորիդայի մանկական հիվանդանոց: Ողնուղեղի հեղուկի անալիզով պարզվել է նրա մեջ Naegleria fowleri առկայությունը և հաստատվել է նեգլերիազ ախտորոշումը: Այժմ Սեբաստիանն ապաքինվում է, նրա գիտակցությունը պայծառ է, կարող է խոսել, սակայն նա դեռ վերականգնողական կուրս պետք է անցնի: