Ի՞նչ հիվանդություններ կարող է ցույց տալ գիշերները չափից շատ քրտնելը
Advertisement 1000 x 90

Ի՞նչ հիվանդություններ կարող է ցույց տալ գիշերները չափից շատ քրտնելը

Ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայության ֆոնին մեծ քրտնարտադրությունը կոչվում է հիպերհիդրոզ: Եթե նման քրտնարտադրությունը հաճախ է պատահում գիշերները՝ առանց տեսանելի պատճառի, այն կարող է ահազանգել օրգանիզմում մի շարք խախտումների մասին, պնդում է Վիսբադենի (Գերմանիա) Մաշկաբանության և ալերգաբանության կլինիկայի տնօրեն, պրոֆեսոր Քրիսթիան Բայերլը:

Գիշերային քրտնարտադրությունը, մասնավորապես, կարող է ցույց տալ այնպիսի հիվանդություններ, ինչպես շաքարային դիաբետը և վահանաձև գեղձի հիվանդությունները:

«Եթե մարդը չի ընդունում ջերմիջեցնողներ և հակադեպրեսանտներ, քնում է զով սենյակում, չի գերտաքանում, բայց քրտնում է, ապա խորհուրդ է տրվում ստուգել վահանաձև գեղձը: Իրավիճակը, երբ քրտնարտադրությունը ուղեկցվում է սաստիկ ծարավով, կարող է նախազգուշացնել դիաբետի մասին»,- «Ռոսիյսկայա գազետայի» փոխանցմամբ՝ ասում է մասնագետը:

Իսկ եթե մարդը գիշերները հաճախ է քրտնում, և դրա հետ մեկտեղ բարձրանում է նրա ջերմությունը ու նկատվում քաշի «անբացատրելի» կորուստ (այսինքն՝ մարդը նիհարում է, չնայած դրա համար ոչինչ չի անում), բացառված չէ, որ նրա մոտ կա որևէ ուռուցքային հիվանդություն: Մասնագետի խոսքով՝ այսպես կարող են դրսևորվել, օրինակ, լիմֆոման և լեյկոզը:

Սակայն գիշերային քրտնարտադրությունը կարող է ունենալ նաև ավելի անմեղ պատճառներ: Օրինակ՝ եթե գիշերը ուտեք կծու և գրգռող ճաշատեսակներ, ապա, ամենայն հավանականությամբ, գիշերը առատ քրտնարտադրություն կունենաք:

med.news.am