Ընկերությունն ուզում է դառնալ Apple-ի նման։
Facebook-ը՝ որպես ընկերություն, ունի բազմաթիվ ծառայություններ, ներառյալ՝ Instagram-ը և WhatsApp-ը, ինչպես նաև մի շարք սարքեր, օրինակ՝ Oculus վիրտուալ իրականության սաղավարտները և «խելացի» էկրանները՝ տեսազանգերի համար: Բոլոր Facebook սարքերը գործում են Android-ի փոփոխված տարբերակով: Ընկերությունն անհանգստացած է, որ Google-ը կարող է մեծապես ազդել դրանց վրա, ուստի պատրաստում է իր սեփական օպերացիոն համակարգը:
Ըստ The Verge-ի՝ օպերացիոն համակարգի զարգացումը Facebook-ում ղեկավարում է Մարկ Լուկովսկին, որը հայտնի է՝ որպես Windows NT-ի համահեղինակներից մեկը: Սրան զուգահեռ՝ ընկերությունն աշխատում է ուժեղացված իրականության ակնոցների վրա. նախատեսվում է դրանք ներկայացնել 2023 թվականին: Ամենայն հավանականությամբ, դրանք արդեն կաշխատեն նոր համակարգի վրա:
Ընկերությունը պլանավորում է հետևել Apple-ի ճանապարհին, որը փորձում է ինքնուրույն զարգացնել ծրագրային և ապարատային արտադրանք: Դա անելու համար Facebook-ը ստեղծում է իր բջջային չիպը և ձայնային օգնականը:
Առայժմ տեղեկություններ չկան, թե արդյո՞ք Facebook-ը նախատեսում է Android-ի փոխարինումը ստեղծել՝ որպես սմարթֆոնների օպերացիոն համակարգ: Ընկերությունը HTC-ի հետ համատեղ սմարթֆոններ արտադրելու վատ փորձառություն ունի: HTC First սմարթֆոնը, որը ստեղծված էր Facebook սոցիալական ցանցի համար, հաջողություն չունեցավ։
Սիրարփի Աղաբաբյան