Պե՞տք է արդյոք լվալ նոր հագուստը հագնելուց առաջ
Advertisement 1000 x 90

Պե՞տք է արդյոք լվալ նոր հագուստը հագնելուց առաջ

Պե՞տք է արդյոք լվալ նոր հագուստը հագնելուց առաջ։ Այո, պետք է և պարտադիր, հավաստիացնում է պրոֆեսոր, Նյու Յորքի համալսարանի միկրոկենսաբանության և իմունոլոգիայի բաժնի տնօրեն Ֆիլիպ Թիրնոն։

Նա հետազոտել է տաբատներ, բլուզներ, ներքնաշորեր, բաճկոններ և այլ հագուստներ, որոնք ձեռք են բերվել ցանցային խանութներում, ինչպես թանկարժեք, այնպես էլ՝ ոչ այնքան։ Թեստերը ցույց են տվել, որ նոր հագուստի վրա, քանի դեռ դրանք կախված են խանութում և փորձվում են գնորդների կողմից, առողջության համար պոտենցիալ վտանգավոր միացություններ են գոյանում, այդ թվում՝ շնչուղիներից արտադրված նյութեր, խմորիչներ, միկրոօրգանիզմներ մաշկից և կղանքի ֆլորայից։

Ի դեպ, նոր հագուստի վրայի վտանգավոր նյութերը դրանք լվալու միակ պատճառը չեն։ Շատ հագուստների վրա կարելի է գտնել նաև քիմիկատներ ու ներկանյութեր, որոնք կարող են առնվազն մաշկային բորբոքումներ առաջացնել։

Մաշկաբան Գրիգորի Գոլդինի (Ռուսաստան) կարծիքով՝ խանութից բերված հագուստը լվալու կոչը իսկապես արդարացված է, իսկ դրա անտեսումը կարող է հանգեցնել առողջական շատ խնդիրների։ Մասնագետի խոսքով՝ նոր հագուստի միջոցով կարող են փոխանցվել նաև միջատներ (օրինակ, ոջիլներ)։ Նոր հագուստների միջոցով կարող են փոխանցվել պեդիկուլյոզ և քոս։

«Այն, որ դուք շփվում եք միկրոբների հետ, չի նշանակում, թե կհիվանդանաք, մարդկանց մեծամասնության իմունային համակարգը հաղթահարում է օրգանիզմների ոչ մեծ քանակությունը, որոնք կարող են հայտնվել մարմնի վրա։ Այնուամենայնիվ, հեպատիտ А, ճանապարհորդի լուծ, սալմոնելա, նորովիրուս, սնկային վարակներ և ստրեպտոկոկ առաջացնող օրգանիզմների փոխանցումը միանգամայն հնարավոր է, եթե խոսքը խանութից բերված հագուստի մասին է, որը հասցրել են փորձել մի քանի մարդիկ»,- ասել է Գրիգորի Գոլդինը։

Չպետք է մոռանալ նաև, որ տեքստիլի արտադրության գործընթացում օգտագործվում են բազմաթիվ քիմիական նյութեր՝ սպիտակեցման, ձևման, ներկման, ուղղման, հարթեցման, հոտի և բծերի հանդեպ դիմացկունության համար։ Այդ քիմիական նյութերին են պատկանում ֆորմալդեհիդը, կաուստիկ սոդան, ծծմբաթթուն, բրոմը, խեժերը, սուլֆանիլամիդները և հալոգենները։ Այս բոլոր քիմիկատները կարող են առաջ բերել օրգանիզմի տարբեր ռեակցիաներ, որոնցից ամենից հաճախ հանդիպում է եղնջատենդը։

«Կարող են առաջանալ կարմրություն, քոր և մաշկի չորություն, հատկապես եթե գործվածքը քսվում է մաշկին, օրինակ՝ գոտկատեղում, պարանոցին, թևատակերին և ազդրերին։ Նոր հագուստի վրայի շատ հարուցիչներից կարելի է ազատվել լվալու շնորհիվ, բայց դրա համար կարող է անհրաժեշտ լինել լվանալ մի քանի անգամ։ Ուստի, նոր հագուստը խանութից տուն բերելուց հետո լվացեք այն, գուցե նույնիսկ երկու անգամ։ Երբ փորձում եք հագուստը խանութում, ձեր վրայի ամբողջ հագուստը մի հանեք։ Այն նույնպես խանութներ գնալուց հետո պետք է լվալ, բացի այդ, լավ լվալ ձեռքերը, չէ՞ որ ձեռք եք տվել հագուստների, որոնց վրա կարող են քիմիական նյութեր և այլ աղտոտիչներ եղած լինել։ Ավելորդ չի լինի լվալ նաև երեսը»,- ասել է Գոլդինը։

med.news.am