Փողոցներում ու խանութներում տեղադրված վճարային տերմինալներով գործարքներ կատարելու մշակույթը Հայաստանում գնալով տարածվում է։ Զուգահեռաբար մեծանում են տերմինալների թիվն ու հասույթը։
Թել-Սելի (Telcell), Իդրամի (Idram), Իզի Փեյի (EasyPay) և Մոբի Դրամի (MobiDram) միջոցով այսօր կարելի է գործարքներ կատարել նաև նրանց օնլայն հավելվածների միջոցով։ «Հետքն» ուսումնասիրել է այս շուկան, փորձել պարզել, թե որքան հասույթ ու շահույթ են ստանում դրանք և ում են պատկանում։ Պարզվում է, որ տերմինալները փոխկապակցված են նախկին պաշտոնյաների և բանկային համակարգի ընկերությունների հետ։
Հասույթով առաջատարը «Թել-Սելն» է
Ըստ Կենտրոնական բանկի՝ այս ընկերությունները դասակարգվում են որպես վճարահաշվարկային կազմակերպություններ։ Նրանց գործունեությունը կարգավորվում է «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքով։ Այս ցանկում է նաև Արմենիան Քարդը (ArCa), սակայն մենք առանձնացրել ենք միայն այն կազմակերպությունները, որոնք ունեն վճարային տերմինալներ։
Այս շուկայում, ըստ հասույթի, առաջատարը «Թել-Սել» ընկերությունն է։ Ըստ ընկերության ֆինանսական վերջին հաշվետվության՝ 2018 թվականին ընկերությունն ունեցել է 3 մլրդ 220 մլն դրամի հասույթ։
Ինչպես նշված է «Թել-Սել» ՓԲԸ-ի 2018 թվականի ֆինանսական հաշվետվությունում՝ ընկերության բաժնետերերն են` Lendasy Trading Ltd-ն (56.28 %), Արամ Սարգսյանն (37.91 %) ու Տաթևիկ Ավետիսյանը (5.81 %):
Ամբողջությամբ՝ hetq.am