Անգամ մեկ անքուն գիշերը բարձրացնում է տկարամտության զարգացման ռիսկը
Advertisement 1000 x 90

Անգամ մեկ անքուն գիշերը բարձրացնում է տկարամտության զարգացման ռիսկը

Ընդամենը մեկ անքուն գիշեր անցկացնելուց հետո մարդու ուղեղում բարձրանում է սպիտակուցի մակարդակը, որը կապված է Ալցհեյմերի հիվանդության հետ: Այդ մասին ասվում է Neurology պարբերականում հրապարակված հետազոտության մեջ:

The Daily Mail-ի հաղորդմամբ՝ Ուպսալայի համալսարանից (Շվեդիա) գիտնականներն ուսումնասիրություն են կատարել 20 տարեկանից բարձր երիտասարդ տղամարդկանց շրջանում: Պարզվել է, երբ նրանցից ինչ-որ մեկն անցկացնում է անքուն գիշեր, նրա ուղեղում գրեթե 20 տոկոսով բարձրանում է վտանգավոր տաու սպիտակուցների մակարդակը: Թունավոր բետա-ամիլոիդների և տաու սպիտակուցների ու մարդկանց հիշողությունից աստիճանաբար զրկող ծերունական տկարամտության կապի մասին գիտնականներին հայտնի է բավականին երկար ժամանակ: Հիվանդության բոլոր ձևերն անբուժելի են. դրանց զարգացումը գրեթե հնարավոր չէ անգամ դանդաղեցնել:

Նույնիսկ հետազոտության հեղինակներն էին զարմացել, թե ինչպիսի հսկայական վնաս է հասցնում մարդու ուղեղին անգամ մեկ անքուն գիշերը: Գիտնականների խոսքով՝ դա պետք է լինի նախազգուշացում բազմաթիվ ուսանողների համար, որոնք քննություններին նախապատրաստվելիս միտումնավոր կերպով զրկում են իրենց հանգստից, ինչպես նաև գործատուների համար, որոնք թույլատրում են գերծանրաբեռնվածություն և գիշերային հերթափոխ:

Սակայն դեռ վախենալ պետք չէ: Նախ, հետազոտության մեջ ներգրավվել են փոքրաթիվ մասնակիցներ, իսկ դա բավարար չէ միանշանակ եզրակացություններ անելու համար: Այնուհետև, գիտնականները չեն պատասխանել գլխավոր հարցին՝ վերականգնվո՞ւմ է արդյոք տաո սպիտակուցների մակարդակը, երբ երիտասարդները նորմավորում են իրենց քնի ռեժիմը:

med.news.am