Ո՞րն է Հայոց բանակի կազմավորման իրական տարեթիվը.
Մեզ մոտ Հայոց բանակի օրը պաշտոնապես նշվում է հունվարի 28-ին, որի նախապատմությունը սա է. 1992 թվականի հունվարի 28-ին անկախությունը վերականգնած Հայաստանում պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդ կերպ ազդարարվեց Հայկական ազգային բանակի ստեղծման մասին:
Սակայն եկեք դիտարկենք այդ ամենը մեկ այլ տեսանկյունից: 2018-ին նշվում է մեր անկախության մեկդարյա հոբելյանը. 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանը ազատվեց դարեր շարունակ տևող Պարսկաստանի, Թուրքիայի և Ռուսաստանի գաղութացումից և հռչակեց վերջապես իր անկախ պետականությունը: Դրանից ամիսներ առաջ դաժան մարտեր էին ընթանում Արևմտյան Հայաստանում, որտեղ Ռուսաստանում բոլշևիկյան հեղաշրջման հետևանքով ռուսական էքսպեդիցիոն զորքերի նահանջից հետո հայկական առանձին կամավորական ջոկատները պահում էին հայ-թուրքական ռազմաճակատը:
Այդ ամենը կանոնակարգելու համար 1917 թվականի դեկտեմբերի 13-ին ստեղծվում է Հայոց ազգային կորպուսը, որի հրամանատար է նշանակվում գեներալ Թովմաս Նազարբեկյանը, շտաբի պետ՝ գեներալ Եվգենի Վիշինսկին, իսկ հատուկ կոմիսար է դառնում Դրաստամատ Կանայանը՝ Դրոն։ Զորամիավորման կազմի մեջ է մտնում նաև արևմտահայերի առանձին դիվիզիան՝ գեներալ Անդրանիկ Օզանյանի հրամանատարությամբ։ Հայոց ազգային կորպուսը հետագայում դարձավ 1918-1920 ազգային բանակի կորիզը, և Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո՝ 1918-ի հուլիսի 26-ին այն պաշտոնապես վերակազմավորվեց Հայկական Ազգային բանակի:
Ահա այսպես. եթե մենք իրոք այսօր կարևորում և նշում ենք, որ 1918-ի մայիսի 28-ին մենք ստեղծել ենք վերջապես մեր ազատ, անկախ և ինքնիշխան երկիրը, որի լիիրավ իրավահաջորդը պարտադիր պետք է լինի նաև մեր ներկայիս հանրապետությունը, ապա ինչո՞ւ չընդունել նաև այն, որ Հայոց բանակն իրականում ստեղծվել է դեռևս մեկ դար առաջ:
Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից: