Կարդացեք հետևյալ խորհուրդները՝ անցանկալի իրավիճակներում չհայտնվելու համար։
1.Տոմսը գնելուց առաջ ուշադիր եղեք օդանավակայանին։ Բյուջետային ավիաընկերությունները հաճախ օգտվում են երկրորդային օդանավակայաններից, որոնք կարող են քաղաքից հեռու գտնվել։ Հաշվի առեք քաղաքից հեռավորությունը, ինչքա՞ն ժամանակ կտևի մինչև քաղաք հասնելը և ի՞նչ կարժենա։ Օրինակ, Երևանից RyanAir-ն իրականացնում է թռիչքներ դեպի Միլան, Հռոմ, Բեռլին։ Միլանում վայրէջք է կատարում Բերգամո քաղաքի օդանավակայանում, որտեղից մինչև Միլան 45կմ է, ավտոբուսով արժի 6-8 եվրո։ Իսկ, օրինակ, եթե Գյումրիից թռչում եք Մյունխեն, վայրէջք եք կատարելու Մեմինգենում, որը Մյունխենից հեռու է ավելի քան 100կմ։ Ավտոբուսով Մյունխեն կհասնեք մոտ 1,5 ժամում, տոմսերը սկսվում են 10 եվրոյից։
2․ Ուշադիր եղեք, թե որ ժամին է վայրէջք կատարում ինքնաթիռը։ Օրինակ, Հռոմ, Միլան կամ Սալոնիկ գնալիս կարող եք վայրէջք կատարել ուշ ժամի։ Պետք է նախապես ճշտել, թե ձեր հյուրանոցում կամ airbnb/booking-ի բնակարանում ձեզ կընդունե՞ն այդ ժամին, թ՞ե ոչ։ Որոշ դեպքերում ուշ ժամի հյուրանոցում/բնակարանում գրանցվելու համար ստիպված կլինեք ավել վճարել։
3․ Չմոռանաք օնլայն գրանցվել թռիչքից առաջ 48 ժամվա ընթացքում(եթե դուք գնել եք Value տոմս RyanAir-ի դեպքում կամ Basic տոմս WizzAir-ի դեպքում)։ Եթե չգրանցվեք օնլայն, պետք է գրանցվեք օդանավակայանում։ Այդ ժամանակ WizzAir-ի դեպքում ստիպված կլինեք վճարել 35 եվրո, իսկ RyanAir-ի դեպքում՝ 55 եվրո։ Գրանցվելուց հետո անպայման տպեք կամ հեռախոսի մեջ ունեցեք կտրոնը, որով պետք է նստեք ինքնաթիռ(boarding pass, посадочный талон), քանի որ օդանավակայանում կտրոնը տպելն էլ անվճար չէ։
4․ Ուշադիր եղեք ձեր ուղեբեռի չափսերին։ RyanAir-ի դեպքում անվճար պայուսակի չափսերն են՝ 40x20x25սմ, WizzAir-ի դեպքում՝ 40x30x20սմ և քաշը չպետք է գերազանցի 10կգ-ը։ Օդանավակայանում ձեր պայուսակը պետք է դնեք հատուկ մետաղական կոնստրուկցիաների մեջ, և եթե չտեղավորվի, ապա երկու ավիաընկերություններն էլ կգանձեն լրացուցիչ 25 եվրո։
5․ Ուտելու ինչ-որ բան վերցրեք ձեզ հետ։ Բյուջետային ավիաընկերություններն օդանավում ձեզ անվճար սնունդ չեն տալու, իսկ ուտելիքն ու խմիչքն արժեն մոտավորապես այնքան, ինչքան օդանավակայաններում։ Քանի որ Հայաստանից թռիչքները մոտավորապես 3-4 ժամ են տևում, վայրէջքից հետո էլ մոտ 1 ժամ կամ ավել կտևի, մինչև օդանավակայանից դուրս գաք, դուք հաստատ ուտելու կարիք կունենաք։ Ես, օրինակ, միշտ հետս վերցնում եմ փոքրիկ տոպրակով կամ ամանով չրեր, ընկուզեղեն, շոկոլադ։ Դրանք շատ տեղ չեն գրավում և հագեցնող են։ Ի դեպ, չի թույլատրվում 100մլ-ից ավել հեղուկ վերցնել ձեզ հետ ինքնաթիռ, սակայն անվտանգությունն անցնելուց հետո կարող եք գնել ջուր duty-free-ից։
6․Ձեր բոլոր փաստաթղթերը պահեք հեռախոսում և օնլայն։ Այս կետը վերաբերում է ոչ միայն բյուջետային ավիաընկերություններով ճամփորդելուն։ Ճամփորդության ժամանակ հնարավոր է կորցնել փաստաթղթերը, այդ պատճառով անպայման ձեր փաստաթղթերը, boarding pass-երը, հյուրանոցի/բնակարանի ամրագրման թղթերը պահեք հեռախոսում։ Լավ կլինի` դրանք ունենաք նաև օնլայն, ինչ-որ սոցիալական ցանցով ինքներդ ձեզ նամակով ուղարկեք կամ պահեք ինչ-որ ամպային տարածքում, ինչպիսին է google drive-ը, քանի որ հնարավոր է իրավիճակ, որ հեռախոսից էլ չկարողանաք օգտվել, օրինակ՝ մարտկոցը նստի և լիցքավորելու հնարավորություն չլինի։
7․ Եվ վերջում, եթե դուք ճամփորդում եք երեխաների հետ և ունեք շատ ուղեբեռ, կարող եք նայել ոչ բյուջետային ավիաընկերությունների առաջարկները։ Երբեմն դրանք ավելի շահավետ են լինում, քանի որ բյուջետային ավիաընկերություններում յուրաքանչյուր ուղեբեռի համար պետք է վճարել։