Հարուկի Մուրակամի. Սպիտակ սուտը
Advertisement 1000 x 90

Հարուկի Մուրակամի. Սպիտակ սուտը

Ես ստել այնքան էլ չգիտեմ: Սակայն առանձնահատուկ արգահատանք էլ չեմ զգում ստելու դեմ: Նույնիսկ, ասեմ՝ չզարմանաք (թեպետ հնչում է բավականին տարօրինակ)՝ մի կարգին ստել չեմ կարողանում, իսկ անվնաս խաբեությունը պաշտում եմ:

Մի ամսագիր ինձ պատվիրել էր գրախոսություն գրել: Բայց իմ մասնագիտությունը գիրք գրելն է, այլ ոչ թե գրախոսելը, ու ես հնարավորինս աշխատում եմ չդավաճանել իմ մասնագիտությանը: Հանգամանքներն այնպես էին դասավորվել, որ ես վճռեցի չհրաժարվել այդ կասկածելի առաջարկից: Քանի որ գրքեր գրախոսելը բավականաչափ տաղտկալի է, ես վճռեցի գրախոսություն գրել (շատ մանրամասն) մտացածին գրքի մասին, մի մարդու կյանքի նկարագրության, որ երբեք գոյություն չի ունեցել: Խոստովանում եմ՝ սարսափելի հմայված էի իմ գաղափարով: Նախ՝ թեպետ ուժերս պիտի ծախսեմ ճշմարտանման պատմություն գրելու վրա, խնայում եմ ժամանակը, որ պիտի կորցնեի գիրքը կարդալու վրա: Բացի այդ՝ խնայում եմ նյարդերս, որովհետև ստիպված չեմ լինի զայրանալ «այդ հիմար հեղինակի վրա, որ սատանան գիտի՝ ինչ է գրոտել»:

Երբ գրախոսությունը տպագրվեց, ես բարոյապես պատրաստ էի սպառնալիքներով («Դադարեք անամոթաբար ստել») և բողոքներով («Ամեն տեղ փնտրեցի, բայց ոչ մի տեղ չգտա այդ գիրքը») լեցուն նամակների հորձանքին: Բայց ինձ ոչ ոք չգրեց: Ոչ ոք: Ես, իհարկե, պատրաստ էի ամեն ինչի, բայց թեթևացած շունչ քաշեցի: Չեմ պնդի, որ ամսագրերում հրապարակվող գրախոսությունները ոչ ոք լուրջ չի ընդունում, բայց որոշ կասկածներ ունեմ:

Հա, հարցազրույցներն էլ կան: Հիմա ես ջանում եմ բարեխիղճ պատասխանել հարցերին, բայց երբ երիտասարդ էի ու հանդուգն, երբեմն ինձ որոշ ազատություններ էի թույլ տալիս: Օրինակ, երբ ինձ հարցնում էին, թե ի՞նչ գրքեր եմ կարդում, ես խորիմաստ բարբառում էի. «Վերջերս ես տարվել եմ Մեյձիի դարաշրջանի (1886-1912 թթ.) գրականությամբ: Հիմնականում կարդում եմ գրականության խոսակցական ուղղության սակավ հայտնի հեղինակների գործեր: Համոզված եմ, որ Սյոգո Մուտագուտիի և Գոխեյա Օսակիի գրքերը կարող են ներշնչել և ժամանակակից հեղինակներին»:

Հասկանալի է, որ Ճապոնիայում երբեք այդ անուններով գրողներ չեն եղել: Ինքս եմ նրանց հընթացս հնարել: Բայց դա ոչ ոք չգիտի: Այնպես որ, դատարկաբանության (գլխավորը՝ ասել՝ ինչ մտքովդ կանցնի, հնարավորինս համոզիչ ու առանց տևական դադարների) գործով ես վարպետ եմ: Համենայն դեպս՝ դժվարություններ երբեք չեմ ունեցել:

Ճապոներենում կա «կարմիր սուտ» արտահայտությունը: Գիտե՞ք՝ ինչո՞ւ կարմիր: Որովհետև Նարի դարաշրջանում (710-784 թթ.) նրանց, ովքեր չարամտորեն ստում էին և փչացնում իրենց շրջապատի մարդկանց կյանքը, դատապարտում էին մահապատժի: Շատ դաժան՝ դատապարտյալի բերանը միանգամից դնում էին տասներկու կարմիր բրնձաբլիթ՝ քաղցր բակլայի խորիզով, և խեղճը, չկարողանալով ծամել, խեղդամահ էր լինում: (Փաստորեն, վերոշարադրյալը «կարմիր ստի» դասական օրինակ է):

Հարցը, թե ինչու ճապոներենում սուտը կարմիր է, ինձ շատ վաղուց է զբաղեցնում: Ես արդեն տասը տարի պատրաստվում եմ պարզել այդ արտահայտության ծագումնաբանությունը, բայց անընդհատ ինչ-որ գործեր (նորից ստում եմ)։

Իսկ անգլերենում կա «սպիտակ սուտ» արտահայտությունը, որ որակում է անվնաս փչոցը կամ «սուտը հանուն փրկության» (և դա զուտ ճշմարտություն է): Կարծում եմ՝ իմ դատարկաբանությունն ամենից շատ հարևանում է ստի այդ տեսակին: Եվ ոչ մեկին չի վնասում: Լսո՞ւմ եք: Չի վնասում: Եթե բերանս փակեն մի դյուժին բրնձաբլիթով, ես հաստատ այդ կտտանքին չեմ դիմանա:

Թարգմանությունը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

irates.am