Թուրքական դատարանի կողմից 1919 թ. հեռակա կարգով մահվան դատապարտված օսմանյան կայսրության նախկին ռազմական նախարար Էնվեր փաշան, ով նախքան երիտթուրքերի դատավարությունը Թալեաթի ու Ջեմալի հետ ճողոպրել էր Ստամբուլից, 1919-1921 թթ. ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալում Գերմանիայում ու Խորհրդային Ռուսաստանում:
Բոլշևիկների հետ Էնվերի առաջին շփումները սկսվել են 1919թ.: 1920 թ. հունիսին Ջեմալն ու Էնվերը Մոսկվայում էին, այնուհետև վերջինս անցնում է Խորհրդային Ադրբեջան, սեպտեմբերի 1-8-ին մասնակցում Բաքվում հրավիրված Արևելքի ժողովուրդների համագումարին, ապա նորից հայտնվում Գերմանիայում (բոլշևիկների հանձնարարությամբ Ջեմալն անցնելու էր Աֆղանստան): 1921 թ. մարտի 15-ին, Բեռլինում Թեհլիրյանի կողմից Թալեաթի սպանությունից հետո, Էնվերը Գերմանիայից վերադառնում է Մոսկվա:
Էնվերն ու Ջեմալը սերտ կապեր էին հաստատել բոլշևիկյան կուսակցության առաջնորդների, այդ թվում՝ Լենինի հետ, ում հետ Էնվերն անձամբ քննարկել է Մեծ Բրիտանիայի դեմ ռուս-թուրքական ռազմական դաշինք ստեղծելու, ռուսների համաձայնությամբ ու աջակցությամբ Հայաստանի հանրապետության վրա հարձակվելու և բուն հայկական տարածքները Թուրքիային միացնելու հարցերը:
Թեև լարված հարաբերություններ գոյություն ունեին Էնվերի ու Մուսթաֆա Քեմալի միջև և վերջինս բացահայտ քննադատելով Էնվերի քաղաքական հայացքները՝ արգելափակել էր նրա մուտքը Թուրքիա, հայտնի իթթիհադականն արտերկրում աշխատում էր ի նպաստ Թուրքիայի շահերի:
Ահա թե ինչ է գրում Էնվերը՝ պատասխանելով Անկարայի կառավարության այն մեղադրանքներին ու հայտարարություններին, որ ինքը Քեմալի անունից ռուսների հետ բանակցություններ վարելու լիազորություններ չունի: «Երբեք պաշտոնական հանգամանքով չեմ բանակցել ռուսների հետ: Խալիլ փաշայի հետ Կարախանի ու Չիչերինի վրա ճնշում բանեցնելով Կարսը, Արդահանը, Օլթին ու ավելին՝ Սուրմալուն, Թուրքիային միացնելու համար քրտնաջան աշխատեցինք, և այս ջանքերը երբեք Քեմալի գլխավորած Անկարայի կառավարության անունից չարեցի, այլ կատարեցի իբրև մեր հայրենիքի մեկ անհատը»:
Մեկ այլ նամակով նա Քեմալին հայտնում է, որ ռուսներից մեծ քանակությամբ ոսկի, 15.000 հրացան ու այլ զինամթերք է ստացել, իսկ 1920 թ. սեպտեմբերին Բաքվում համոզվել է, որ Հայաստանի վրա հարձակվելու դեպքում «սովետ կառավարութիւնը ձայն պիտի չհանէ, իսկ հապաղելու պարագային՝ հայերը պիտի զորանան և հարձակվելով՝ Թուրքիան պիտի ճզմեն»:
Քչերին է հայտնի, որ Էնվերը 1921 թ. նոյեմբերին Լենինի ցուցումով է անցել Միջին Ասիա՝ բասմաչների շարժումը ճնշելու ու նրանց կողմից վերահսկվող տարածքներում խորհրդային կարգեր հաստատելու համար, սակայն տեղ հասնելուն պես՝ գաղտնի համագործակցել է բասմաչների հետ, այնուհետև գլխավորել նրանց պայքարը կարմիրների դեմ:
1922թ. օգոստոսի 4-ին, Բուխարայի խանության Չագրա ղշլաղում սպանվում է հայ ժողովրդի արյունարբու դահիճ Իսմայիլ Էնվերը, նույն ինքը՝ Էնվեր փաշան: Այս հրեշի մահվան մի քանի վարկածներ են շրջանառվում, որոնցից մեկի համաձայն՝ նրան մարտի ժամանակ սպանել է ազգությամբ հայ, կարմիր բանակի Թուրքեստանյան դիվիզիայի 1-ին բրիգադի հրամանատար Հակոբ Մելքումյանը։
Տաջիկստանի իշխանությունները 1996թ. հուլիսի 30-ին Էնվերի աճյունը հանձնում են Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելին։ Նույն թվի օգոստոսի 4-ին Ստամբուլի Շիշլիի մզկիթում տեղի է ունենում սգո արարողություն, որից հետո աճյունը վերաթաղվում է Թալեաթի գերեզմանի հարևանությամբ։
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: