Որոտանի կիրճի ուրվականները. armgeo.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Որոտանի կիրճի ուրվականները. armgeo.am

Հայաստանում կան շատ վայրեր, որոնք կարող են միանգամայն գրավիչ լինել զբոսաշրջիկների համար, ուղղակի դրանք պետք է բացահայտել և կարողանալ պատշաճ կերպով ներկայացնել: Գեղատեսիլ Որոտանի կիրճի ստորին հատվածում և լանջերին ծվարել են անցյալ դարի կեսերին լքված գյուղեր: Մի գյուղից մյուսը ձգվում են գեղեցիկ արշավային արահետներ: Այս ձորը լի է բնական և պատմա-մշակութային հուշարձաններով:

Հին Խոտ

Հին Խոտ գյուղատեղին Սյունիքի մարզի հնագույն բնակավայրերից է եղել: Գյուղը գտնվում է ժայռերի վրա, ավելի ճիշտ՝ ժայռերի մեջ: Այստեղ մարդիկ նախ բնակության համար հարմարեցրել են տուֆային հրաբխային ապարներում ձևավորված քարանձավները: Ավելի ուշ քարանձավային բնակատեղիներն ընդարձակել են քարե շարվածքների հաշվին, այս պատճառով այնպիսի տպավորություն է ստեղծվում՝ ասես տները ժայռերից են աճում: Բնակավայրը գտնվում է Որոտան գետի ձախ կողմում, բարձրադիր սարավանդի՝ ծովի մակերևույթից մոտ 1500 մետր բարձրության վրա, շրջապատված այգիներով և անմատչելի ժայռերով։ Գյուղը բնակեցված է եղել մինչև 1970-ականները, այնուհետև տեղաբնակները տեղափոխվել են նոր՝ ավելի հարմար և հարթ տարածք, հին գյուղից դեպի հյուսիս, որն էլ ներկայիս Խոտ գյուղն է հանդիսանում: Հին գյուղի շրջակայքում կան մ.թ.ա. 2-1 հազարամյակների դամբարանադաշտեր, հին գերեզմանոցներ, որոնցից մեկի տարածքում պահպանվել են 12-րդ դարում կառուցված Կարմիր վանքի ավերակները։ Ավանդույթի համաձայն՝ այս եկեղեցու զանգից է առաջացել նաեւ ամբողջ մարզի Զանգեզուր անվանումը: Ըստ վարկածներից մեկի՝ այս զանգը շատ հզոր հնչողություն ուներ, եւ Զանգեզուր տեղանունն առաջացել է «Զանգ զոր» բառերից, այսինքն՝ հզոր զանգ: Մեկ այլ վարկածի համաձայն՝ այն առաջացել է «Զանգերն իզուր են» բառակապակցությունից:

Պատմական արձանագրությունները վկայում են, որ Խոտը հանրահայտ Տաթևի վանքի հարկատու գյուղերից մեկն է եղել, և 1205 թվականին Խաղբակի որդի Դլեն իշխանը Խոտ գյուղը և Խոտագետի մեծ այգին նվիրաբերել է Տաթևի վանքին: Հին Խոտի հյուսիս-արևելյան մասում, բարձր ձորափին է գտնվում Խոտի վանքը, հնագույն մի շինություն՝ կառուցված 5-6-րդ դարերում։ Գյուղում կա նաև, հավանաբար, 17-րդ դարի 2-րդ կեսին կառուցված Մրգաձորի Խաչ կոչվող մի եկեղեցի, որն, ըստ ավանդույթի, կառուցել է պարսիկ տիրակալ Շահ-Աբասի հարեմից փախած մի հայուհի:

Մեր արշավների լուսանկարներն ու տեսանյութը կարող եք դիտել այստեղ — Արշավ Հին Խոտից Հին Շինուհայր

Հին Շինուհայր

Շինուհայրը Սյունյաց լեռնաշխարհի հինավուրց բնակավայրերից է և նույնքան հին է, որքան հայոց աշխարհը: Տարբեր ժամանակներում այն հայտնի է եղել Հայրաշեն, Շինոյ-հերք, Շնհեր (այսինքն՝ գյուղերի, շեների հայր) անուններով:

Սյունյաց աշխարհի Հաբանդ գավառի մեջ մտնող այս գյուղը, Ստեփանոս Օրբելյան պատմիչի վկայությամբ 5-րդն է եղել Տաթևի վանքին տրվելիք հարկային ցուցակում: Ներկայումս էլ Շինուհայրը մեծ գյուղ է և բնակչության թվով ամենամեծ գյուղական համայնքն է Սյունիքի մարզում:

Գյուղի տարածքը հարուստ է նյութական մշակույթի մնացորդներով (գյուղից 6 կիլոմետր արևմուտք, հին Շինուհայր — հին Հալիձոր ճանապարհից աջ գոյություն ունի Ք.ա. 1-ին հազարամյակով թվագրվող դամբարանադաշտ, ինչը վկայում է, որ գյուղը գոյություն է ունեցել դեռևս Վանի կամ Երվանդունիների թագավորությունների ժամանակներից):

Մինչև Վարդանանց պատերազմը (450-451թթ.) Շինուհայրը հարթ տեղում է գտնվել՝ Փոքր Տափում, որից հետո գյուղն իջել է Որոտանի կիրճը:

Արաբական աղբյուրներում Շենհեր Շինուհայրը հիշատակվում է Քիլաբ անվամբ: Մաշտոցի անվան մատենադարանում պահվող մի ձեռագիր վկայում է, որ Շենհերը 7-8-րդ դարերում խոշոր գյուղ է եղել, երբ Աղվանից իշխան Վարազ Տրդատի դուստր Շահանդուխտը այն նվիրել է Տաթևի Սուրբ եկեղեցուն:

Գյուղը հայտնի է եղել ոչ միայն իր մեծությամբ ու հզորությամբ, այլև՝ մշակույթի ու գրչության օջախներով: Այն ունեցել է եկեղեցուն կից ծխական դպրոց:

Շենհերի գրիչների և ծաղկողների մասին տեղեկություններ ենք ստանում այնտեղ ստեղծված 17-րդ դարի գրչագրերից: Ձեռագրեր են ստեղծվել թե՛ Ս. Ստեփանոս եկեղեցուն կից գրչատանը, և թե՛ Կուսանաց անապատում: Հայտնի են գրչատան ուսուցիչ վարպետ տեր Մովսեսը, վանքի առաջնորդ Արիստակես վարդապետը:

Շինուհայրցիները գործուն մասնակցություն են ունեցել 1918թ. Բաքվի և 1918-21թթ. Զանգեզուրի հերոսամարտերին:

Հին Հալիձոր

Հալիձոր գյուղը գտնվում է Սյունիքի մարզում, մարզկենտրոնից՝ 69 կմ հյուսիս-արևմուտք, Որոտան գետի ձախափնյակում։ Բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1300-1350 մ է, հեռավորությունը Գորիս քաղաքից՝ 23 կմ։

Ներկայիս Հալիձորը կառուցվել է 1966 թ.։

Հալիձոր անունը ծագել է Հաբանդ գավառի Հալե, Հալիս կոչվող բնակավայրերի անվանումներից։ 10-րդ դարի սկզբին իշխանուհի Համազասպուհին Հալիձորը նվիրաբերել է Տաթևի վանքին, որի կալվածքն է եղել մինչև XIX դարը։

Գյուղից 2 կմ դեպի հարավ-արևմուտք նշանավոր Հարանց Անապատն էր գտնվում, իսկ շրջակայքում «Խաչին խութ» կոչվող եկեղեցին, «Հին Հալիձոր» գյուղատեղին, «Պողոց-Պետրոս» մատուռը, ինչպես նաև բազմաթիվ խաչքարերով գերեզմանոցը։ Որոտանի ձախ ափին՝ այգիների մեջ պահպանված է ժայռաբեկորի վրա կանգնեցված 1265թ. կալվածագիր արձանագրությունը։

Գյուղում է գտնվում կանգուն Սբ. Մինաս եկեղեցին՝ կառուցված 1611 թ., ոչ հեռու՝ Հալիձորի Սբ. Աստվածածին կամ «Կուսանաց անապատ» վանքը։

Հարժիս

Հարժիսը հին գյուղ է (նախկինում` Յայջի): Սյունյաց եպիսկոպոս Դավթի կալվածագրում այն հիշվում է իբրև Տաթևի վանքին հարկատու գյուղ: Հարժիսը մեծ գյուղ է եղել Եռաբլրի սարահարթում` Գորիսից Երևան տանող մայրուղուց 6 կմ հարավ: Գյուղը արևելքից, հյուսիսից և արևմուտքից շրջապատված է հրաբխային բլուրներով և սարերով. Հարավից Որոտանի ձորն իջնող անանցանելի ուղղաձիգ ժայռն է: Գյուղից Որոտանի ձորը տանող միակ ճանապարհը ժայռի արևմտյան եզրով իջնող, հիմնականում ոտքով անցանելի ուղին է:

Գյուղացիներն զբաղվել են անասնապահությամբ և դաշտավարությամբ: Ակտիվ առևտուր են արել Նախիջևան, Արցախ, Գարդման տանող` աղի նշանավոր ճանապարհով անցնողների հետ այդ ճանապարհին կառուցված քարավանատան (Կոտրած քարվանսարա) միջոցով:  Գյուղը չէր երևում ոչ սարահարթից, ոչ էլ Որոտան գետի ափով անցնող ճանապարհից: Դա մի բնական թաքստոց էր` ժամանակի հրամայականով:

Յայջին ձևավորվել է 18-րդ դարի երկրորդ կեսին` մոտավորապես 1770-1780 թվականներին: 1931 թվականի երկրաշարժից ավերվել է Յայջին` բարեբախտաբար առանց մարդկային զոհերի: Գյուղացիները տեղափոխվել են սարահարթ՝ նախկին Հարժիս գյուղի տարածքը՝ դարձյալ Յայջի անունով, բայց արդեն անվտանգ, մինչև հորիզոնը ձգվող տարածքով: Պլանային հատակագիծ են կազմում, կառուցում բարաքներ, որոշ թվով ընտանիքների տեղավորում, բայց առանց գոմի և մարագի: Այդ պատճառով էլ գյուղացիների հետագա կառուցումների արդյունքում խախտվում է հատակագիծը: 1968 թ. գյուղը վերանվանվել է Հարժիս:

armgeo.am