Տրեխագործություն։ Թվում է, թե մեր ժամանակների համար ոչ արդիական արհեստ է։ Սակայն դրանով հետաքրքրվողներ կան։ Պարզվում է, որ Տավուշի մարզում ոչ միայն տրեխ կարող կա, այլև հագնողներ կան։ Վարպետ Ռոբերտ Աթոյանն ապուպապերի ոտնամանների պատվերներ է ընդունում անգամ հեռախոսով։
Մեր օրերում գիտատեխնիկական թռիչքների ժամանակ, հանկարծ տրեխագործություն։ Երբ լսեցի դրա մասին, զարմացա։ Ու այդ զարմանքով էլ ուղեւորվեցի Տավուշի մարզի Բերդ քաղաք՝ ծանոթանալու հայոց տարազի մաս կազմող կաշվե ոտնաման՝ տրեխ կարող վարպետի հետ։ Դեռ մեկ տասնամյակ առաջ էր, որ հնագետներն Արենիի քարանձավում հայտնաբերեցին աշխարհի ամենահին կոշիկը։ Այսքանն էին հին ոտնամանների մասին իմ գիտելիքները, մինչև որ հայտնվեցի տրեխագործ վարպետ Ռոբերտ Աթոյանի արհեստանոցում։ Անձամբ տեսա, թե տրեխն ինչպես են կարում։
«8-րդ դասարանից սարքում եմ։ Լուսահոգի հայրս է ինձ սովորեցրել։ Այն ժամանակ դպրոցում սրանց ռազբիրատի կոշիկներ էին ասում։ Դպրոցում 4 ընկերներով գնեցինք բարձրակրունկներ, կրունկները հանեցինք, մեջը շարիկներ ածեցինք, որ շխշխկա,ու հագանք։ Դրանից հետո եկա հորս ասացի, որ ինձ համար տրեխներ կարի։ Կողքին նստացրեց, մինը ինքը սարքեց, մինն էլ ես։ Ու էդ օրվանից սարքում եմ»։
Իսկ հիմա սկսում ենք կարել հայկական ավանդական ոտնամանները։ Դրա համար պետք է մաշկազերծված տավարից առանձնացված միակտոր կաշի։ Շարունակությունը կպատմի վարպետը։
«Դա կովի կաշվից է։ Սրանով պատրաստածը մի փոքր չոր է լինում։ Հագնողը պետք է խոնավացնի, չորացնի, մի քիչ հետո նոր հագնի, իսկ արհեստական կաշվից ավելի փափուկ է լինում։ Դա խոնավացնելու անհրաժեշտություն չկա։ Իսկ թելերը դնում եմ ու իլիկով պտտեցնում, հետո որքան հաստությունը մեզ պետք է լինում, այնքան էլ անում եմ»։
Հարց կառաջանա, թե ու՞մ համար են կարվում այդ տրեխները։ Մի՞թե պահանջարկ կա։ Պարզվում է՝ ամեն ինչ սկսվել է մեկ պատվերից։ Հետո գունազարդ կաշեփոկերով տրեխների համբավը տարածվել է նաև երկրի սահմաններից դուրս։
«Առաջին գործս տատիկի համար է եղել, պաատվիրել էր մուգ կապույտ թելերով տրեխ։ Զանգողները շատ են, սակայն հեռախոսով չգիտեմ երիտադսա՞րդ են, թե՞ տարեց։»
Կոշիկ գնել չի սիրում։ Գյուղում նրան հաճախակի են տեսնում տրեխներով։ Հիմնականում իր տրեխներով է պտտվում։ Տեսնողները զարմանում են, ինքն էլ զարմանում է դիմացինի զարմանքի վրա, ծիծաղով պատմում է վարպետ Ռոբերտը։
«Սրանք էլ իմն են, հագնում եմ, քաղաքում ման կյալիս։ Կողքինների համար անսովոր է, բայց իմ համար՝ ոչ։ Ընենց չի, որ ձևի համար եմ հագնում, միշտ էլ հագնում եմ։ Մի անգամ խանութ մտա, ուշադիր նայում էին, և վաճառողը հարցրեց, թե ով է կարել տրեխը։ Ես էլ պատասխանեցի՝ հագնողը»։
Հագնելու տրեխներից զատ , տրեխ-հուշանվերներ էլ է պատրաստում վարպետը։ Դրանք ևս հետաքրքրում են սպառողին։ Տրեխագործությունը շահավետ բիզնես կոչել չի կարող, ընտանիքը միայն սրանով պահել հնարավոր չէ, ասում է Ռոբերտ Աթոյանը, սակայն գեղագիտական հաճույքից զատ հաջողակ սպառում էլ է լինում։
«Սրանից էլ եմ շատ ծախել, շատ ուզող կա։ Մարդիկ գնահատում են։ Սա 4000 դրամ եմ ծախում, գիտեն, որ ամբողջը ձեռքի աշխատանք է։ Իսկ սա 15000 եմ վաճառում։ Ձեռքի աշխատանքը միշտ էլ թանկ է»։
Վարպետի ցանկությունը մեկն է՝ արհեստը շարունակողներ լինեն, իսկ ավանդական հայկական տրեխները՝ գնողներ:
Ամբողջությամբ՝ armradio.am