Թեև հայտնի է, որ 13-րդ դարում Մոնղոլիայի բնակչության թիվը չի հասել նույնիսկ մեկ միլիոնի, իսկ հետագայում մոնղոլները ձուլվել են իրենց իսկ նվաճած երկրների ժողովուրդների մեջ, սակայն, միջնադարյան հեղինակներից շատերը պնդում են, որ նրանք ունեցել են հարյուր հազարավոր զինվորներից բաղկացած ահռելի հեծելազոր։
1220-ին Իրանական բարձրավանդակ, ապա Հայաստան ու Վրաստան ներխուժած մոնղոլական զորքի թիվը եղել է շուրջ 20 հազար (Ջեբե նոյոն), որը 1221 թ. Կոտմանի դաշտում հայ-վրացական միացյալ ուժերին (Գեորգի IV Լաշա, Իվանե աթաբեկ) ջարդելուց հետո՝ ուղղություն է վերցրել Հյուսիսային Կովկաս ու Ռուսաստան։
Նրանք կայծակնային արագությամբ զավթել են հսկայական տարածքներ։ Ընդամենը քսան տարում մոնղոլներն ավելի շատ հողեր են գրավել, քան հռոմեացիները՝ երեք դարերի ընթացքում (Ք.ա. 146 – Ք.հ. 114 թթ.)։
Մոնղոլական բանակում տիրում էր բացառիկ կարգապահություն, ընդգծված հարգանք ու հավատարմություն խանին ու հրամանատարներին։ Յուրաքանչյուր ռազմիկ ուներ առնվազն երեք ձի՝ երկու արագավազ մարտաձի ու մեկ բեռնաձի (գրաստ)։ Նրանք մարտական ձիերին չէին ծանրաբեռնում, որպեսզի մարտի ժամանակ ֆիզիկական լավ վիճակում գտնվեն:
Ձիերի քանակն էլ մոնղոլական հեծելազորի մեծաթիվ լինելու տպավորություն էր թողնում, այնինչ Խաղաղ օվկիանոսից մինչև Լեհաստան ու Ասորիք ձգվող ահռելի տերության մեջ բուն մոնղոլական զորքի թիվը եղել է 150-200 հազար, որը հպատակեցրել է ավելի քան 150 միլիոն բնակչության (միայն Չինաստանը մոնղոլների ներխուժման օրերին ուներ շուրջ 120 միլիոն բնակչություն):
Այս պարագայում պետք է խոսել ոչ թե մոնղոլների մեծաթիվ բանակի, այլ լավ մարզված ու կարգապահ հեծելազորի կայծակնային արշավների, ռազմավարական ու մարտավարական առումով գրագետ ու համարձակ գործողությունների մասին։
1236 թ. մոնղոլներն արշավեցին Եվրոպա։ Սկզբում նրանք գրավեցին Վոլգայի մերձափնյա տարածքները, հարձակումներ գործեցին ռուսական քաղաքների վրա, ապա գրավեցին, հիմնահատակ քանդեցին ու այրեցին Կիևը։
Ավերելով Լեհաստանն ու Հունգարիան՝ մոնղոլները մոտեցան Հռոմեական Սրբազան կայսրության (Գերմանիայի) սահմաններին։ Արևմտյան Եվրոպան հարվածի տակ էր։ Բայց այդ հարվածը մոնղոլներն այդպես էլ չհասցրին։
1241 թ. դեկտեմբերին խիստ հարբած վիճակում մահացավ Ուգեդեյ (Հոքաթա) խանը (Չինգիզ խանի հաջորդը, նրա առաջին կնոջ չորս որդիներից երրորդը)։ Մոնղոլները շտապ վերադարձան Կարակորում՝ իրենց մայրաքաղաքը, որտեղ պետք է նոր խան ընտրեին։
Նոր խան Գույուկի և նրան հաջորդած Մոնկեի (Մանգու) կառավարման շրջանում Եվրոպայի գլխին կախված մոնղոլական ներխուժման վտանգը թուլացավ, քանզի վերջիններս հիմնական ուշադրությունը բևեռեցին Չինաստանի, Բաղդադի Խալիֆաթի, այնուհետև Եգիպտոսի վրա։
Եվրոպացիները մոնղոլներին համարում էին «տարտարոսից», այսինքն դժոխքից դուրս եկածներ, ուստի նրանց տարտարներ (թաթար) էին անվանում։
Մոնղոլական տերության մեջ 13-14-րդ դարերում ծայր առած գահակալական պայքարը, ուլուսների միջև թշնամանքն ու երկարատև, կատաղի կռիվները, ինչպես նաև նվաճված ժողովուրդների ապստամբություններն ու հարևան երկրների հետ պատերազմները՝ եվրոպական երկրներին ու ժողովուրդներին փրկեց մոնղոլական արշավանքների վտանգից, այնուհետ Եվրոպայում հիմնական ուշադրությունը բևեռվեց անգլո-ֆրանսիական հակամարտության վրա և շատերը մոռացան մոնղոլների մասին:
Հայտնի է, որ Քրիստափոր Կոլումբոսը, առաջնորդվելով վենետիկցի հայտնի ճանապարհորդ ու վաճառական Մարկո Պոլոյի շարադրած «Աշխարհի հրաշքների մասին» գրքով, 1492 թ. ծովային ճանապարհորդություն սկսեց դեպի արևմուտք՝ հուսալով վերականգնել առևտուրը մոնղոլական արքունիքի հետ՝ անտեղյակ լինելով այն բանից, որ վերջիններիս կայսրությունն ավելի քան մեկ դար գոյություն չուներ։
Ներկայումս Մոնղոլիայի բնակչության թիվը հասնում է 3 մլն 200 հազարի (էթնիկ մոնղոլները՝ 95%)։ Նրանցից շուրջ մեկ միլիոնը (30%) հավատարիմ է մնացել ոգեպաշտությանը, 700 հազար մարդ (22%) դավանում է լամայականություն (տիբեթյան բուդդիզմ), 160 հազարը (5%)՝ իսլամ (ղազախներ, թուվացիներ)։ Ավելի քան 40%-ը կրոնապաշտ չեն։
Չինգիզ խանի սերունդները ցրված են Հյուսիսային Կովկասից մինչև Հեռավոր Արևելք։ Նրանցից են կալմիկները (ինքնանվանումը՝ խալմըղ (մոնղ.՝ ժողովուրդ), որոնց թիվը ՌԴ-ում շուրջ 200 հազար է։ Կալմիկների շրջանում ավանդական կրոնը՝ լամայականությունը գրեթե վերացել է։ Բացարձակ մեծամասնությունը ուղղափառ քրիստոնյաներ են։
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: