Հայերի գլխավոր դահիճը ՝ Օսմանյան կայսրության ներքին գործերի այն ժամանակվա նախարար Մեհմեդ Թալեաթ փաշան, գիտակցում էր դաժանության ողջ խորությունը, բայց պատրաստ էր հաշվեհարդար տեսնել նույնիսկ նրանց հետ, ովքեր այլ կերպ էին մտածում։
1915 թվականի մարտի 25-ի հրամանագիրը, հրապարակված անձամբ Թալեաթի կողմից, հիմք է հանդիսացել 105 տարվա վաղեմության իրադարձությունների համար։
Հայերի զանգվածային կոտորածների և նրանց ոչնչացման հարցը, ինչպես նաև 1915 թ․-ի ապրիլի 24-ի իրադարձությունների սցենարը վերջնականապես հաստատվել են երիտթուրքերի իշխող «Միություն և առաջադիմություն» (Իթթիհաթ վե Թերաքքի) կուսակցության կենտրոնական կոմիտեի գաղտնի նիստերում: Կուսակցության նախագահը հենց ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան էր։
«Դրանց ընթացքում քննարկվել են այն միջոցները, որոնք պետք է ձեռնարկվեին հայերի հնարավոր ապստամբության դեպքում։ Նիստին հատուկ չի հրավիրված պոլսահայ պատգամավոր, Իթթիհաթի անդամ Պետրոս Հալաջյանը»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մարքեթինգի համակարգող Հասմիկ Հախվերդյանը, որը համապատասխան փաստաթղթեր է ուսումնասիրել (դրանց մի մասը հրապարակվել է թանգարանի կայքում)։
Հալաջյանը անցանկալի կերպար էր նրանց համար։ Իթթիհաթականները կարծում էին, որ հայերին վերաբերող յուրաքանչյուր որոշում նա կհայտնի «Դաշնակցություն» կուսակցությանը։
«Միլիոն մը հայերու ջարդի պատմութիւնը» (1921թ․) աշխատության մեջ «Ժամանակ» թերթի խմբագիր Սեպուհ Ակունին (հնարավոր է՝ կեղծանուն է – խմբ․) մանրամասն նկարագրում է Իթթիհաթի գաղտնի նիստերը։ Սակայն այդ ամենից հետաքրքիր է հետևյալ փաստը․ պարզվում է՝ կուսակցության ոչ բոլոր անդամներն էին միաբան հայերի ճակատագրին վերաբերող հարցում։
Ակունին, որը իթթիհաթականների շարքում իր իրազեկիչն ուներ, գրում է, որ վեճ է եղել։ Այդ նիստերից մեկի ընթացքում Մեհմեդ Թալեաթը և Բեհաեթդին Շաքիրը առաջարկում էին մեկընդմիշտ լուծել հայերի հարցը՝ ոչնչացնելով նրանց։ Սակայն Հուսեյն Ջահիդ-Հալիլ բեյն ու Կարա Քեմալը դեմ էին նման մոտեցմանը։ Նրանք առաջարկում էին բավարարվել հայերին Էրզրումից, Վանից ու Բիթլիսից արտաքսելով։
Ակունիի բերված տվյալներում ասվում է, որ Թալեաթն այն ժամանակ մոտավորապես հետևյալն է ասել (արտահայտությունը բառացի չէ – խմբ.)․ «Գերմանացիները մեր օգնությունն են խնդրել, բայց ինչպե՞ս վստահ լինենք, որ հաղթանակից հետո մեզ չեն թողնի և ձեռք չեն մեկնի հայերին և հույներին․.. Հայերը ճարպիկ են, աչքի են ընկնում խելքով, առևտրում ուժեղ են։ Իսկ մենք ընդամենը պաշտոնյաներ ու սպաներ ենք։ Միակ ելքը նրանց ոչնչացնելն է»։
Թալեաթն ու նրա կողմնակիցները կարծում էին, որ հայերի ոչնչացումը դաս կլինի կայսրության մյուս թշնամիների, մասնավորապես՝ Հունաստանի համար։
Իսկ ահա Կարա Քեմալը կարծում էր, որ նման միջոցները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի, իսկ հայերի հարցը կարելի է այլ կերպ լուծել․պետք է նրանց «յուղել», խոստանալ ամեն ինչ, բայց անել միայն մի բան։ Ծայրահեղ դեպքում հանուն անվտանգության նրանց կարելի է արտաքսել կամ ստիպել մահմեդականություն ընդունել։
Սակայն Թալեաթի փաստարկներն ավելի ծանրակշիռ գտնվեցին, քան կուսակիցների խոսքերը, և որպես ներքին գործերի նախարար նա իր անմիջական հսկողության տակ վերցրեց հայերի ոչնչացումը։
Հրամանագրի պատմությունն ուսումնասիրած Հախվերդյանն ասում է, որ այդ որոշման ընդունման հարցում մեծ դեր է խաղացել «Դաշնակցություն» կուսակցության պատասխանը, որը չի աջակցել երիտթուրքերի ՝ Ռուսաստանի դեմ պատերազմ սանձազերծելու գաղափարին։ Արդյունքում Իթթիհաթի վերջին գաղտնի նիստում էլ վճռվել է հայերի ճակատագիրը։ Նախևառաջ որոշում է կայացվել բնակչության արական հատվածին զորակոչել բանակ։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am