Ավագ գիտաշխատող Լուսինե Թումանյանի ֆեյսբուքյան էջից.
Տարոնի վանքերում պահվող մշակութային գանձերը փրկելու համար Հայոց Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը 1916 թ. ապրիլին Մուշ հանձնախումբ է ուղարկում, որը գլխավորում էր Գյուտ աբեղա Տեր-Ղազարյանը: Հանձնախմբին Մուշում առաջնորդում են Եղիշե քահանա Տեր-Պարսամյանը և այլ մշեցիներ:
Հանձնախումբը Մշո վանքերն ու եկեղեցիները տեսնում է թուրքերի ու քրդերի կողմից թալանված, պայթեցված ու քանդված վիճակում: Վեհափառին ուղղված իրենց զեկուցագրում նրանք վշտով տեղեկացնում են. «Պատմական մենաստանները, հռչակավոր ուխտատեղիները այնպիսի ավերման են ենթարկվել, որ Չինգիզխան-Լենկթեմուրյան ավերածություններն իսկ նսեմանում են ներկայի առաջ: Ավերող ձեռքը անշունչ քարերի հետ վարվել է այնպես բարբարոսաբար, կարծես պատմական անմռունչ կոթողների վրա ևս թափել է իր վրեժի թույնը: Եկեղեցիները, սրբոց գերեզմանները, խաչքարերը քարուքանդ են արել ու կոտորել»:
Այս ավերակները տեսնելուց հետո հանձնախումբն ուևորվում է դեպի Սբ. Կարապետ, ուր վանքի սպասավոր Հակոբ Ստեփանյանը, ով մինչ Եղեռնը վանահոր հետ թաքցրել էր վանքի հարստությունները և գիտեր թաքստոցների տեղերը, պարզում է, որ թշնամու աչքից վրիպել և անվնաս է մնացել միայն մեկը` վանքի ամենակարևոր և ամենամեծ գաղտնարանը: Այնտեղից դուրս են բերվում սրբազան զգեստներ, եկեղեցական սպասք, սակավաթիվ տպագիր գրքեր և ձեռագրեր: Հասնելով Սբ. Էջմիածին՝ հանձնախումբը փրկված մասունքները հանձնում է հայրապետի տնօրինությանը: