Սարդարապատ տեղանունը լսելիս մեզանից շատերը պատկերացնում են ՀՀ Արմավիրի մարզում գտնվող համանուն գյուղը, գյուղի հարևանությամբ գտնվող հուշահամալիրը, հայոց ազգագրության թանգարանը և առաջին հերթին ճակատամարտը:
Իսկ ինչո՞ւ է բնակավայրը կոչվում Սարդարապատ: Սարդար բառը հայերեն չի և պարսկերենից թարգմանվում է որպես զորագլուխ, պարագլուխ: Սա Արևելքում բավականին տարածված տիտղոս էր, որի նշանակությունը ըստ երկրի փոքր-ինչ տարբերվում էր: Պարսկական իրականության մեջ այս բառը ուներ առաջին հերթին զորագլուխ իմաստը, տրվում էր նաև բարձրաստիճան պաշտոնյաներին, կառավարիչներին: Այդ տիտղոսն էին կրում Երևանի խաները՝ հատկապես վերջին խաները: Աբադ վերջավորությունը թարգմանվում է որպես շեն, բնակավայր իմաստով:
Սարդարաբադի ամրոցը և նրան կից բնակավայրը 1810-ական թվականներին կառուցվել է Երևանի վերջին պարսիկ կառավարիչ սարդար Հուսեյն Ղուլի խանի հրամանով:Այդ պաճառով էլ կոչվում էր Սարդարաբադ: Ամրությունը կառուցվել է նախկինում այդ վայրում գոյություն ունեցող բնակավայրի տեղում: Շինարարության ժամանակ օգտագործվել են Արմավիր բլրի վրա եղած քարերը: Ամրոցը պետք է ապահովեր Երևանի պաշտպանությունը արևմուտքից: Ամրոցի շինությունները մեծամասամբ կառուցված են եղել հում աղյուսից և շրջապատված կրկնակի պարիսպներով, ուղղանկյուն և կլոր աշտարակներով և բուրգերով: Ամրոցը նախատեսված էր շուրջ երկուհազարանոց կայազորի համար, ունեցել է 14 հրանոթ: Խանը բերդին կից հիմնել էր նաև խոշոր բնակավայր՝ բնակեցնելով Արճեշից և Բայազետից գաղթեցված հայերով: Բերդին և գյուղին կից կառուցել էր քարավանատուն և մաքսատուն:
Նշեմ, որ 1812 թվականին նույն խանի կողմից վերակառուցվում է, նոր պարիսպների մեջ է ներառվում դեռևս միջին դարերից գոյություն ունեցող Դաշտադեմի ամրոցը՝ Երևանի պաշտպանությունը հյուսիսից ապահովելու համար: Այս բոլոր միջոցառումները Երևանի խանի կողմից արվում էին առաջին հերթին ռուսական, ինչպես նաև օսմանյան արշավանքներից Երևանը պաշտպանելու համար: Սարդարաբադի ամրոցը 1827 թվականին վեցօրյա պաշարումից հետո գրավում են ռուսական զորքերը, այն լքվում է և սկսվում է աստիճանաբար քանդվել, քայքայվել: Այժմ ամրոցից մնացել են պարիսպների որոշ մնացորդներ:
#պատմություն #արի_գնանք_Հայաստան
Պատմաբան Ռուբեն Հովսեփյանի էջից: