Կորոնավիրուսից բուժված յուրաքանչյուր երրորդ պացիենտ հիվանդության հետևանքները կարող է զգալ հետագա ամբողջ կյանքի ընթացքում։ Կարող են վնասվել թոքերը, քրոնիկական հոգնածություն և հոգեբանական խանգարումներ լինել։ Նման եզրակացության են եկել Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության մասնագետները։
Ըստ հետազոտության՝ կորոնավիրուսով հիվանդացածների 30%-ի մոտ հետագայում կարող է թոքերի ֆիբրոզ զարգանալ, ինչը հանգեցնում է շնչառական ֆունկցիայի խանգարման և վատթարացնում է թոքերի հագեցվածությունը թթվածնով, գրում է ՌԲԿ-ն՝ The Daily Telegraph-ին հղումով։
Բուժվածների կեսի մոտ կարող են ֆիզիկական, կոգնիտիվ և հոգեբանական խանգարոմներ դիտվել, իսկ մոտ 70%-ի մոտ կարող է զառանցանքային խանգարում զարգանալ։ Յուրաքանչյուր 10-րդ պացիենտի սիրտը կարող է վնասվել։
Ըստ գիտնականների՝ տվյալներ կան, որ կորոնավիրուսը կարող է ուղեղի խանգարումներ առաջացնել, որոնք հետագայում կարող են հանգեցնել Ալցհեյմերի հիվանդության։
Ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի՝ աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպքերը գերազանցել են 9․2 մլն-ն, որից մահացել է 477,000-ը։