Ինչո՞ւ հականեխիչի գոլորշիներ շնչելը կարող է վտանգավոր լինել
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ հականեխիչի գոլորշիներ շնչելը կարող է վտանգավոր լինել

Հականեխիչի գոլորշիներ շնչելը կարող է զգայուն մարդկանց մոտ ծանր խումհար առաջացնել: Համանման դեպք է նկարագրվել Alcohol and Alcoholism ամսագրում:

Ինչպես հայտնել է Medportal-ը, ալկոհոլամոլության դեմ բուժվող 43-ամյա տղամարդը անսպասելի վատ է զգացել բանկ այցելելու ժամանակ: Նրա մոտ առաջացած ախտանիշները նման էին ծանր ալերգիկ ռեակցիայի. կարմրած դեմք, սրտխառնոց, շարժումների կողմնորոշման խանգարում: Հայտնի է, որ նա, հետևելով COVID-19-ի կանխարգելման կանոններին, ձեռքերը հականեխիչով է շփել, երբ բանկ է մտել:

Պարզվել է, որ պացիենտը 3 տարի ալկոհոլային կախվածության դեմ բուժում էր ստանում դիսուլֆիրամով: Այս դեղամիջոցը ալկոհոլի հետ ռեակցիայի մեջ է մտնում, ու այն ընդունող մարդը գործնականում ակնթարթորեն ունենում է խումհարին նմանվող ախտանիշներ: Դրանք սովորաբար տևում են մոտ մեկ ժամ: Այս ազդեցության շնորհիվ հաբերը մարդկանց մոտ ալկոհոլի հանդեպ զզվանք են առաջացնում. դրանցով բուժման շնորհիվ տղամարդը, ում դեպքը նկարագրված է ամսագրում, 3 տարի չէր խմում:

Դիսուլֆիրամը արգելափակում է ֆերմենտը, որը նպաստում է օրգանիզմից ալկոհոլի փոխանակության արգասիքների դուրսբերմանը: Սպիրտ պարունակող արտադրանքի ազդեցությամբ այս դեղն ընդունողների օրգանիզմում կուտակվում է ացետալդեհիդ, որը և առաջացնում է խումհարի ախտանիշները: Դեղամիջոցն ընդունող մարդիկ պետք է խուսափեն ալկոհոլով ցանկացած արտադրանքից: Ինչպես ցույց է տվել նկարագրված դեպքը, այդպիսի դեղ ընդունող կամ ալկոհոլի հանդեպ մեծ զգայունությամբ օժտված մարդկանց համար կարող է վտանգավոր լինել ոչ միայն ոգելից ըմպելիքներ խմելը, այլ նաև նույնիսկ սպիրտ պարունակող հականեխիչներից արձակվող գոլորշիները շնչելը:

Նշենք, որ մեկ այլ հետազոտություն, որը ևս հրապարակվել է Alcohol and Alcoholism-ում, ցույց է տվել, որ հականեխիչի օգտագործման դեպքում ալկոհոլը օրգանիզմում է հայտնվում առավելապես ինհալյացիոն ճանապարհով, այլ ոչ թե մաշկի միջոցով:

med.news.am