«Նյարդային բջիջները չեն վերականգնվում». մենք բոլորս այս արտահայտությունը շատ ենք լսել, շատ անգամ: Բայց հիմա արդեն հավաստի կերպով հայտնի է, որ սա ընդամենը առասպել է, եւ իրականում նյարդային բջիջները կարող են վերականգնվել: Այս մասին «Ինչպե՞ս տեսնել կենդանի ուղեղը» թեմայով առցանց քննարկման ժամանակ հայտնել է նյարդակենսաբան եւ ճառագայթային ախտորոշման բժիշկ Աննա Խորուժայան:
Նրա խոսքով՝ առասպելն այն մասին, որ նյարդային բջիջները չեն վերականգնվում, զարմանալիորեն կայուն է: Այն հերքել են դեռեւս 20 դարի վերջին, բայց մինչ օրս էլ մարդիկ կան, որոնք այս առասպելին հավատում են:
Մասնագետի խոսքով՝ դեռեւս 20-րդ դարի վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ուղեղում կան 3 մարզեր, որտեղ նոր նեյրոնները «ծնվում» եւ զարգանում են: Այդ մարզերը գտնվում են ուղեղի տարբեր հատվածներում, եւ դրանցից մեկն է հիպոկամպի ատամնավոր ոլորքը: Մասնագետի խոսքով՝ հիպոկամպը քունքային բաժնում է, սա զույգ կառույց է, որը շատ կարեւոր է հիշողությունների ձեւավորման համար: Եթե հիպոկամպին ինչ-որ բան է պատահում, մարդը չի կարողանում նոր հիշողություններ ձեւավորել կամ սկզբունքորեն որեւէ բան մտապահել, նշել է մասնագետը:
Նրա խոսքով՝ նեյրոգենեզը, որը նյարդային նոր բջիջների ձեւավորման պրոցես է, շարունակվում է մարդու ամբողջ կյանքի ընթացքում, նույնիսկ 95-98 տարեկանում: Ավելին՝ այս պրոցեսը շարունակվում է անգամ Ալցհեյմերի հիվանդությամբ մարդկանց մոտ, իհարկե՝ սաստիկ նվազում է:
«Հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարելի է խթանել նեյրոգենեզը, որ այդպիսի մարդկանց նյարդային բջիջները վերականգնվեն մի փոքր ավելի լավ, հնարավոր է՝ դա կօգներ այդ հիվանդությունների բուժմանը: Բայց դեռեւս մարդկանց վրա այդպիսի հետազոտություններ չեն անցկացրել, միայն մկների վրա»,- ասել է մասնագետը: