Արցախի Տիգրանակերտը ամեն տարի իր մի նոր գաղտնիքն է բացում. armradio.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արցախի Տիգրանակերտը ամեն տարի իր մի նոր գաղտնիքն է բացում. armradio.am

Ստեփանակերտից Մարտակերտ  տանող մայրուղու ձախակողմյան հատվածում,  Վանքասարի  լանջերին ու ստորոտում արդեն 15 տարի աշխատում են հնագետները: Այստեղ 2005 թվականին տեղորոշվեց Տիգրան Մեծ արքայից արքայի արցախյան մայրաքաղաքի տեղը:  Գյուտը հիրավի համահայկական, ինչու չէ նաև համաշխարհային նշանակություն ունի: Հետագա տարիներին հայտնաբերված պարսպաշարերը, անտիկ թաղամասերն ու վաղ քրիստոնեական եկեղեցիները ավելի ու ավելի ամրապնդեցին  Արցախի հնագիտական արշավախմբի անդամների վստահությունը, որ իրենք  շփվում են երկուհազարամյա քաղաքակրթության հետ ու այն դարձնում  սերունդների  սեփականությունը:

Երբ ասում են Տիգրանակերտի պարիսպներ, շատերը կարծում են, որ  խոսքը Ստեփանակետ Մարտակերտ ճամփեզրի ամրոցի մասին է, որտեղ հիմա գործում է Տիգրանակերտի թանգարանը: Տիգրան արքայից արքայի կառուցած  պարիսպները տեսնելու համար պետք է մի փոքր ճիգ անել ու ամրոցից  ժայռն ի վեր բարձրանալ դեպի Վանքասարի գագաթը: Ուղեցույցի դեր կարող են կատարել  նոր բացված բաց գույնի շերտերը: Աշտարակների հիմքերն են, պարսպաշարերը: Այս տարի էլ դրանք  հնագետներին ուրախանալու առիթներ պարգևել են: Բացվող պարսպաշարերը հելլենական ճարտարապետական մշակույթի վառ վկայությունն են, պատմում է Տիգրանակերտի արշավախմբի անդամ, Հայաստանի ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Նժդեհ Երանյանը:

Տիգրանակերտի անտիկ թաղամասում արշավախումբը  մեծ համալիրներ է բացել: Հայտնաբերվել են գունազարդ, ջնարակապատ խեցեղեն և մետաղյա իրեր:  Գտածոները Շուշիի ժամանակավոր պահադարանում են:

Տիգրանակերտի քաղաքային թաղամասի հարավային թևում բացվել է երկրորդ թաղամասը, որտեղ հնագիտական շերտը երկու ժամանակաշրջանների մասին է պատմում, ասում է հնագետ Ինեսա Կարապետյանը:

Տիգրանակերտի վաղ քրիստոնեական թաղամասում  վաղ միջնադարյան եկեղեցու շրջակայքն է նաեւ ուսումնասիրվում: Անցյալ տարի այդտեղ մի քանի կացարաններ էին բացվել, պատմում է հնագետ  Տատյանա Վարդանեսովան:

Արքայից արքայի երկուհազարամյա մայրաքաղաքի տեղում պեղումները չեն դադարում 2005 թվականից ի վեր:  Ամեն տարի հնավայրը նոր անակնկալներ է մատուցում, իսկ ամենակարևորը` վկայում, որ այստեղ հայկական քաղաքակրթության ընթացքը անկասելի էր    հազարամյակներով:

Պեղումները շարունակվում են արդեն 15 տարի եւ արդեն ընթանում են շուրջ 2 հա-ի վրա: Առջևում դեռ տքնաջան աշխատանքի լի օրեր կան, նաև հիանալու ու զարմանալու բազմաընվ  առիթներ՝ համոզված են Տիգրանակերտում աշխատող հնագետները։

armradio.am