Արշալույս Զուրաբյան. Պատմության քառուղիներում
Advertisement 1000 x 90

Արշալույս Զուրաբյան. Պատմության քառուղիներում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ

1920 թվի սեպտեմբերի 1-8-ը Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Կոմինտերնի գործադիր կոմիտեի նախաձեռնությամբ հրավիրվեց Արեւելքի ժողովուրդների առաջին համագումարը, որի աշխատանքներին մասնակցեցին 2.045 պատգամավորներ (101-ը՝ Հայաստանից): Պատվիրակների թվում էր նաեւ Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը՝ Իսմայիլ Էնվեր փաշան: Վերջինիս ու բոլշեւիկների միջեւ 1919-1921 թթ. համագործակցությանը մեծապես նպաստել էր ՌԿ(բ)Կ Կենտկոմի անդամ Կարլ Ռադեկը (Կոպել Սոբելսոն):

Համագումարում հնչած ելույթներում եւ ընդունված փաստաթղթերում Արեւելքի ժողովուրդներին կոչ էր արվում «սրբազան պատերազմ» ծավալել «միջազգային իմպերիալիզմի», այդ թվում՝ նրա դաշնակից Հայաստանի հանրապետության դեմ: Թուրք ու ադրբեջանցի պատվիրակներից ոչ պակաս ագրեսիվությամբ աչքի ընկան հայ բոլշեւիկները, որոնք իրենց ելույթներում հանդես եկան խորհրդային Ռուսաստանի ու Ադրբեջանի օգնությամբ ՀՀ-ում օրինական իշխանությունը տապալելու եւ Հայաստանը խորհրդայնացնելու կոչերով:

Համագումարի կողմից ստեղծված «Քարոզչության ու գործողության խորհուրդը» սեպտեմբերի 18-ին ընդունեց մի բանաձեւ, որի դրույթներն ամբողջությամբ ուղղված էին հայոց պետականության դեմ: Առաջարկվում էր հնարավոր բոլոր միջոցներով օգնել թուրքերին եւ նրանց ռազմարշավի միջոցով հասնել Հայաստանի խորհրդայնացմանը:

Մշակված ծրագրի համաձայն ռուսական զինուժը հարմար պահին՝ «թուրք-հայկական նոր կոտորածները» կանխելու պատրվակով, պետք է մտներ Հայաստան եւ հաստատեր խորհրդային վարչակարգ: Սա ոչ այլ ինչ էր, եթե ոչ հայոց պետականության ոչնչացման մասին փաստաթուղթ, Հայաստանի մասնատում երկու գիշատիչ ու միջազգային ճանաչում չունեցող կազմավորումների, այն է՝ խորհրդային ռուսաստանի ու քեմալական թուրքիայի միջեւ:

Դավադիր այս ծրագրի երեւան գալուց հինգ օր անց՝ 1920 թ. սեպտեմբերի 23-ին ռուսական զենքով սպառազինված Քյազըմ Կարաբեքիրի գլխավորած բանակը ներխուժեց Հայաստան եւ սկսվեց հայ-թուրքական պատերազմը: Միաժամանակ Սյունիքում հայկական ուժերը մարտեր էին մղում նույն թվի հունիսին հայկական երկրամաս ներխուժած ռուս-ադրբեջանական զավթիչների դեմ: Հայաստանը պատերազմում էր երկու ճակատով:

Նոյեմբերի 18-ին Օհանջանյանի կառավարությունը ընդունեց թրքական հրամանատարության ներկայացրած զինադադարի պայմանները եւ նույն օրը ռազմական գործողությունները դադարեցին: Տաս օր անց՝ նոյեմբերի 29-ին, ռուսական զինուժը Ղազախից ներխուժեց ՀՀ եւ չեղած ապստամբության անունից երկիրը հռչակեց խորհրդային հանրապետություն:

1920 թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրվեց հայ-ռուսական համաձայնագիրը, որով Հայաստանը հայտարարվեց «սոցիալիստական խորհրդային անկախ հանրապետություն»: Ժամեր անց, գոյություն չունեցող ՀՀ կառավարության անունից, Խատիսյանն Ալեքսանդրապոլում ստորագրեց թուրք-հայկական հաշտության պայմանագիրը:

Մոսկվայի 1921թ. մարտի 16-ի ռուս-թրքական «Բարեկամության ու եղբայրության մասին» պայմանագրով Կարսի ու Սուրմալուի շրջաններն անցան Թուրքիային, Նախիջեւանը՝ Ադրբեջանին։ 1921թ. հուլիսի 5-ին նույն ճակատագիրը բաժին հասավ մեր Արցախ երկրամասին…

ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ՝

Ստամբուլի կենտրոնական վայրերից մեկում՝ Թաքսիմի հրապարակում տեղադրված «Հանրապետության արձանը»: Մուսթաֆա Քեմալին հավատարիմ թուրք գործիչների արձանները (Իսմեթ Ինոնյու, Ֆեւզի Չաքմաք եւ այլք) շրջապատում են իրենց առաջնորդին։ Աթաթյուրքի հետևում երեւում են Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչներ Մ. Վ. Ֆրունզեի եւ Կ. Վ. Վորոշիլովի արձանները։ Դրանք տեղադրվել են ի նշան երախտագիտության բոլշեւիկներին՝ քեմալական շարժման ժամանակ նրանց ցուցաբերած օգնության համար։