Օրգանիզմի, այսպես կոչված, ներքին ժամացույցը կարող է կախված լինել մարդու սեռից․ University of Pennsylvania-ից հետազոտողները որոշակի տարբերություններ են գտել տղամարդկանց և կանանց ցիրկադային ռիթմերի միջև։
Նրանք Science ամսագրում հրապարակել են իրենց աշխատանքը, որի շրջանակում ուսումնասիրել են մարդկանց ցիրկադային ռիթմերի հետազոտությունների արդյունքները, փոխանցում է Medical Express-ը։
Հայտնի է, որ մարդիկ և կենդանիներն ունեն մի քանի կենսաբանական ռիթմեր։ Բացի քունը, արթուն մնալը և մետաբոլիզմը կարգավորող ցիրկադային ռիթմից, կան նաև ռիթմեր, որոնք պատասխանատու են շնչառության, մաշկի վերականգնման և սրտի զարկերի հաճախականության համար։ Մասնագետները վերլուծել են ավելի քան 53 հազար մարդկանց տվյալները և պարզել, որ օրգանիզմի ներքին ռիթմերի վրա ազդում են տարիքը և սեռը։
Օրինակ՝ կանանց մոտ ակտիվությունն առավել հաճախ դրսևորվում է առավոտյան և ցերեկը, ինչը հատուկ է նաև երեխաներին, իսկ ահա տղամարդկանց մոտ՝ երեկոյան և գիշերը։ Դրանից բացի, պարզվել է, որ կանայք ավելի կայուն են իրենց բնական ցիրկադային ռիթմերի խախտումների հանդեպ։ Գիտնականները նաև նկատել են, որ կանայք տղամարդկանցից ավելի շատ են քնում, իսկ քնած ժամանակ նրանց մոտ նկատվում է խորը քնի ավելի երկարատև փուլ։ Հատկանշական է, որ կանայք հազվադեպ են տառապում քնի խանգարումներից։ Տղամարդիկ, իրենց հերթին, ավելի հաճախ են իրենց թույլ տալիս ճաշից հետո ննջել։
Հետազոտողները տարբեր սեռերի ներկայացուցիչների մոտ ցիրկադային ռիթմերում հայտնաբերված տարբերությունների ոչ մի տեսանելի պատճառ չեն գտել։ Այս տարբերությունները կարող են կապված լինել կանանց մայրական դերի հետ՝ նրանց համար ավելի բնական է ունենալ այնպիսի ցիրկադային ռիթմ, որը ներդաշնակ է երեխաների ռիթմին։ Ավելի վաղ կատարված մի շարք հետազոտություններ նաև կապ են գտել կանանց ցիրկադային ռիթմի և նրանց դաշտանային ցիկլի միջև։