Կտորից ինքնաշեն դիմակները կարող են բավականին արդյունավետորեն զսպել վիրուսների տարածումը, նույնիսկ խոսելու և հազալու ժամանակ, ցույց է տվել նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Extreme Mechanics Letters-ում։ Հետազոտության տվյալներով՝ ինքնաշեն դիմակների արդյունավետությունը համեմատելի է բժշկական դիմակների արդյունավետությանը, ուստի դրանք կարելի է օգտագործել COVID-19-ի կանխարգելման համար՝ սոցիալական հեռավորության պահպանման համալիրում, հայտնում է Medportal.ru-ն։
Հետազոտությունը ցույց է տվել, որ հազալիս, փռշտալիս և խոսելիս սովորաբար առաջանում են համեմատաբար խոշոր կաթիլներ, որոնք անբավարար էին հետազոտվել COVID-19 համավարակի համատեքստում։ Այս պատճառով, գիտնականների խոսքով, որոշակի բաց գոյություն ուներ որոշ գործվածքների պաշտպանական արդյունավետությունը հասկանալու առումով։
Աերոզոլը 5 միկրոմետրից պակաս տրամագծով կաթիլների կախույթահեղուկ է։ Բայց խոշոր կաթիլները ևս կարող են վտանգ ներկայացնել, քանի որ հավանականություն կա, որ մեծ արագության դեպքում դրանք կարող են բախվել դիմակի գործվածքին և նպաստել օդում վիրուսային աերոզոլի առաջացմանը։
Գիտնականների խոսքով՝ ինքնաշեն դիմակները պետք է պատրաստել շնչող գործվածքներից, քանի որ հակառակ դեպքում արտաշնչվող օդը կանցնի ոչ թե դիմակի միջով, այլ դուրս կպրծնի կողքից։
Փորձերի համար նրանք ընտրել են 11 շնչող գործվածքներ, որոնք կան յուրաքանչյուր տան մեջ, և որոնք սովորաբար օգտագործվում են հագուստի, անկողնային պարագաների, խոհանոցային սրբիչների և այլնի արտադրման համար։ Գիտնականները լաբորատորիայում ստուգել են, թե այդ գործվածքները որքան լավ են բաց թողնում օդը։
Այնուհետև կաթիլների ֆիլտրացիայի գործում գործվածքների արդյունավետությունը գիտնականներն ուսումնասիրել են աերոզոլների հատուկ գեներատորի միջոցով։ Իսկական վիրուսների փոխարեն փորձում օգտագործել են նույն չափերի նանոմասնիկներ։ Գիտնականները ցանկանում էին պարզել, թե դիմակների միջով քանի այդպիսի նանոմասնիկ կանցնի։
Պարզվել է՝ բոլոր գործվածքները լավ են զսպում աերոզոլը և արգելակում 100 նանոմետր չափի մասնիկները։ Ավելին՝ ինքնաշեն դիմակներն արդյունավետ էին նույնիսկ այն դեպքում, երբ գիտնականները փորձի ժամանակ մոդելավորել են հազ, փռշտոց և խոսակցություն․ նույնիսկ մեկ շերտով օգտագործելու դեպքում դրանք պահում էին մեծ թվով մասնիկների։
«Երկու կամ երեք շերտով նույնիսկ առավել պակաս խտության գործվածքները, օրինակ այնպիսիները, որոնք օգտագործվում են մարզաշապիկների արտադրության համար, նույնքան արդյունավետորեն են աերոզոլն արգելակում, որքան սովորական բժշկական դիմակը։ Միաժամանակ, այդպիսի ինքնաշեն դիմակը կարող է լինել ավելի շնչող»,- ասել է հետազոտության հեղինակ, Իլինոյսի համալսարանի պրոֆեսոր Թահեր Սաիֆը։