Վատ աերոբիկ և մկանային մարզավիճակով մարդիկ 2 անգամ ավելի հաճախ են տառապում դեպրեսիայով, քան նրանք, ովքեր կանոնավոր զբաղվում են սպորտով և լավ մարզավիճակ են պահպանում։ Այսպիսի եզրահանգում են կատարել Լոնդոնի Համալսարանական քոլեջի գիտնականները։
Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ ֆիզիկական պատրաստվածության ցածր մակարդակը նաև հուշում է տագնապայնության զարգացման հավանականության 60 տոկոսով մեծանալու մասին, հայտնում է The Hindustan Times-ը։
Այսպիսի եզրակացություններ կատարելուց առաջ մասնագետներն ուսումնասիրել են 40-69 տարեկան 152 978 մարդկանց տվյալները։ Նրանց բազային աերոբիկ պատրաստվածությունը ստուգել են աճող դիմադրությամբ հեծանվասարքի վրա, իսկ մկանների վիճակը գնահատել են բռնելու ուժի թեստով։ Կամավորները նաև անկետա են լրացրել դեպրեսիայի և տագնապայնության ախտանիշները գնահատելու համար։
Նրանց մոտ 7 տարի անց կրկին ստուգել են դեպրեսիայի և տագնապայնության ախտանիշների առկայությունը։ Պարզվել է, որ հետազոտության սկզբում աերոբիկ և մկանային լավ պատրաստվածությունը կապված էր ավելի կայուն հոգեվիճակի հետ։ Իսկ ահա նման պատրաստվածության ամենացածր ցուցանիշներով մարդկանց շրջանում դեպրեսիայի զարգացման հավանականությունը 98 տոկոսով մեծ էր, տագնապայնության հավանականությունը՝ 60 տոկոսով և 81 տոկոսով ավելի մեծ էր տարածված հոգեկան խանգարումներից մեկով հիվանդանալու հավանականությունը՝ նախապատրաստության բարձր ցուցանիշներով մարդկանց համեմատությամբ։