Մանդարինի չափազանց շատ գործածումը կարող է վտանգ ներկայացնել ալերգիայով, ճարպակալմամբ, շաքարային դիաբետով կամ աղեստամոքսային հիվանդություններով պացիենտներին: Այսպիսի կարծիք է հայտնել Սնունդի և բիոտեխնոլոգիայի դաշնային հետազոտական կենտրոնի առաջատար գիտաշխատող, բժշկագիտության թեկնածու, դիետոլոգ Օլգա Գրիգորյանը, հայտնում է RT-ն:
Նրա խոսքով՝ մանդարինի մեջ պարունակվում է մեծ քանակությամբ ֆրուկտոզա, ինչն այն առաջատար է դարձնում ըստ պարզ ածխաջրերի պարունակության, որոնք շատ արագ են կլանվում: Կարծիք կա, որ մանդարինն իր բույրով դրական է ազդում նյարդային համակարգի վրա, բարելավում տրամադրությունը:
Սակայն ավելորդ քաշով մարդկանց խորհուրդ է տրվում սահմանափակել մանդարինի գործածումը կամ ընդհանրապես դրանից հրաժարվել, քանի որ մանդարինի մեջ մեծ քանակությամբ շաքար է պարունակվում: Այդպիսի մարդկանց թույլատրվում է օրական ուտել 2 մանդարինից ոչ ավելի: Այս սահմանափակումը արդիական է նաև երեխաների համար:
Ինչ վերաբերում է ալերգիկներին, նրանց մոտ ցիտրուսայինների չափազանց մեծ քանակության պատճառով կարող է զարգանալ եղնջատենդ, ալերգիկ հարբուխ կամ նույնիսկ առաջանալ շնչահեղձություն: Իսկ աղեստամոքսային հիվանդություններով պացիենտների մոտ մանդարինը կարող է սրացում առաջացնել: