Ադրբեջանցիները գնումներ են անո՞ւմ Ասկերանի խանութներից. Մանգասարյանը ներկայացրեց իրավիճակը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ադրբեջանցիները գնումներ են անո՞ւմ Ասկերանի խանութներից. Մանգասարյանը ներկայացրեց իրավիճակը. armeniasputnik.am

Բնակիչները շատ են խոսում, այն մասին, որ ադրբեջանցիներն անարգել ելումուտ են անում Արցախի Ասկերանի շրջանի խանութներ և գնումներ կատարում։ Sputnik Արմենիային հետ զրույցում ասաց Ասկերանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արմեն Մանգասարյանը։

Նշենք, որ «Իրավունք»  օրաթերթը, հղում անելով Ասկերանի քաղաքապետ Հայկ Շմիրյանին, գրել էր, որ ադրբեջանցիները Ասկերանի գյուղերի խանութներից առևտուր են անում:

«Ոչ միայն Ասկերանում, այլև Ստեփանակերտում կան նման լուրեր։ Երեկ էլ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանական մեքենաները եկան Ասկերանի միջով անցան»,– ասաց Մանգասարյանը` կարծիք հայտնելով, որ դա հավանաբար եռակողմ հայտարարության` տրանսպորտային ուղիների ապարգելափակման շրջանակում է արվում։

Մանգասարյանի խոսքով` փորձում են այնպես անել, որ իրենց բնակիչների և ադրբեջանցիների միջև անհատական մակարդակով շփում չլինի, եթե ինչ–որ խնդիր է լինում` տեխնիկա են թողել և այլն, դրանք փորձում են խաղաղապահների միջոցով լուծել։

Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության արդյունքում Ասկերանի շրջանի 8 գյուղեր անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ասկերանը հայտնվել է նոր սահմանի անմիջական հարևանությամբ։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1746 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

armeniasputnik.am