Կորոնավիրուսային վարակը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ օրգանիզմի վրա՝ առաջացնելով մի շարք տհաճ ախտանշաններ։ Այդ ախտանշանների մեծ մասը ժամանակավոր բնույթ է կրում, սակայն կան նաև այնպիսինները, որոնք բավական կայուն են ու կարող են պահպանվել շատ երկար։ Տևական բնույթ կրող նման ախտանշանների շարքին են դասվում կմախքամկանային խանգորումները, որոնց հետևանքով առաջացող տհաճ զգացողություններն ու ցավերը կարող են պահպանվել տարիներ շարունակ։
Ինչպես գրում է Skeletal Radiology պարբերականը, ԱՄՆ-ի Հյուսիսարևմտյան համալսարանի մասնագետները նշել են կորոնավիրուսի այն հետևանքները, որոնք կարող են պահպանվել ընդհուպ ամբողջ կյանքի ընթացքում։
«Մկանային ցավերն ու հոդացավերը, ինչպես նաև ռևմատոիդ արթրիտի սուր դրսևորումները, պահպանվում են հիվանդների մոտ անգամ առողջացումից հետո և կարող են պահպանվել ամբողջ կյանքի ընթացքում», – նախազգուշացնում են գիտնականները՝ նշելով, որ նման տևական հետկորոնավիրուսային բարդությունների պատճառը կարող է լինել վիրուսին ի պատասխան օրգանիզմի աուտոիմունային ռեակցիան։
Հետազոտության համահեղինակ Սվատի Դեշմուկի խոսքով՝ կորոնավիրուսի նման «պահվածքն» էլ դառնում է խնդիրների պատճառ, քանի որ այն կարող է ստիպել իմունային համակարգին բացասաբար անդրադառնալ օրգանների ու հյուսվածքների վրա՝ դառնալով բորբոքումների պատճառ։
Ինչպես նշում է մասնագետը, նման տհաճ զգացողություններն ու ցավերը կարող են ի հայտ գալ նաև հասարակ գրիպի վիրուսի դեպքում, սակայն SARS-CoV-2 վիրուսը շատ ավելի նենգ է, քանի որ այս վարակի հետևանքով առաջացած վնասվածքների դեպքում կարող է մշտական թերապևտիկ բուժման կարիք լինել։