Բոլոր կանոններին համապատասխան քլորացված ջուրը հանրային լողավազաններում չեզոքացնում է SARS-CoV-2 կորոնավիրուսի գրեթե բոլոր մասնիկները, վկայում է Լոնդոնի Imperial College-ի հետազոտությունը:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, վիրուսի կենսունակությունը մարդու օրգանիզմից դուրս խիստ կախված է շրջակա միջավայրի տեսակից, ջերմաստիճանից, խոնավության աստիճանից եւ այլ պայմաններից: Ավելի վաղ վիրուսային մասնիկներ էին հայտնաբերվել կեղտաջրերում, որից հետո գիտնականները որոշեցին ստուգել քլորացված ջրավազանների անվտանգությունը:
Ջրի նմուշները հավաքվել էին Լոնդոնի մի քանի հայտնի հանրային լողավազաններից: Դրանց կորոնավիրուս էր ավելացվել: Պարզվել է, որ քլորը չեզոքացրել է կորոնավիրուսի մասնիկների ավելի քան 99.99 տոկոսը եւ ոչնչացրել է դրա առկայության հետքերը բոլոր նմուշներում, բացառությամբ մեկի, որտեղ ջուրը բավարար քլորացված չէր: Նույնիսկ այդ դեպքում SARS-CoV-2-ի մասնիկների միայն հետքային քանակությունն էր մնացել նմուշում: Դրանց վարակիչության աստիճանը իջել էր ավելի քան 50 անգամ:
Ստացվում է, որ քլորացման եւ աղտոտումից ջրի մաքրման նորմերի պահպանման դեպքում լողավազանը չի կարող վարակման աղբյուր դառնալ: Սակայն լողավազաններում վարակման աղբյուր կարող են դառնալ վարակված մարդիկ, քանի որ կորոնավիրուսը հիմնականում տարածվում է օդակաթիլային եղանակով: