Կարո՞ղ է արդյոք արեւային ակնոցը պաշտպանել ձեր տեսողությունը
Advertisement 1000 x 90

Կարո՞ղ է արդյոք արեւային ակնոցը պաշտպանել ձեր տեսողությունը

Ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու կարիք ունի ոչ միայն մեր մաշկը, այլեւ աչքերը: Ինչպես հաստատում է Ալաբամայի Տրուսվիլ քաղաքից օպտոմետրիստ եւ Ամերիկյան օպտոմետրիկ ասոցիացիայի (AOA) նախագահ Սամյուել Փիրսը, այսօր շատ մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ վտանգ կարող են ներկայացնել ուլտրամանուշակագույն ճառագայթներն իրենց տեսողության համար:

Մասնագետի խոսքով՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներն ընկնում են աչքի մեջ եւ ներթափանցում եղջերաթաղանթի՝ աչքի առջեւի մասում թափանցիկ ծածկույթի միջով: Արեւի տակ չափազանց երկար մնալը կարճաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել գրգռման՝ աչքերը կարող են կարմրել, այտուցվել, կարող է լույսի հանդեպ գերզգայունություն առաջանալ։

Իսկ երկարաժամկետ հեռանկարումչֆիլտրված լույսը կարող է վնասել ոչ միայն եղջերաթաղանթը, այլեւ աչքի ոսպնյակը, կոպի մաշկը եւ ցանցաթաղանթը: Սա կարող է հանգեցնել աչքի վրա նորագոյացության առաջացման, կատարակտի վաղ ձեւավորման եւ դեղին բծի դեգեներացիայի:

Մասնագետների կարծիքով՝ արեւային ակնոցի օգտագործումը կարող է օգնել նվազեցնել աչքերի վնասման հավանականությունը: Սակայն այստեղ շատ կարեւոր է, թե ինչպես եւ ինչպիսի ակնոց կկրեք:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի օգտակար խորհուրդներ.

  • Արեւային ակնոց գնելիս համոզվեք, որ այն արգելափակում է UVA եւ UVB ճառագայթների 99-100%-ը եւ տեսանելի լույսի 75-90%-ը:
  • Ընտրեք այնպիսի արեւային ակնոց, որը կծածկի ձեր դեմքը, կարգելափակի լույսը բոլոր աղբյուրներից եւ առավելագույն պաշտպանություն կապահովի՝ համեմատած այն ակնոցների հետ, որոնց առջեւի մասը հարթ է։
  • Ընտրեք «բեւեռացված» ոսպնյակներ, որոնք նվազեցնում են հորիզոնական մակերեւույթների արտացոլումները, ինչպիսիք են ջուրը, ձյունը եւ մեքենայի կապոտը:
  • Եւ վերջապես, հիշեք, որ արեւային ակնոց պետք է կրել ոչ միայն արեւոտ եղանակին, այլեւ ամպամած օրերին: Ավելին, կարեւոր է այն կրել նաեւ ձմռանը, հատկապես մեծ բարձրություններում, որտեղ շատ ձյուն եւ արտացոլող այլ մակերեւույթներ կան։

news.am