Ամռանը մարդիկ սկսում են ավելի շատ ժամանակ անցկացնել դրսում, բայց տնից դուրս գալիս քչերն են արեւապաշտպան քսուքներ օգտագործում:
Մաշկաբան եւ կոսմետոլոգ Սոնա Բունիաթյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առանց արեւապաշտպան քսուքի 10 րոպե արեւի տակ մնալն անվտանգ է: Եթե պլանավորում եք ավելի երկար մնալ դրսում, ցանկալի է օգտագործել արեւապաշտպան քսուք, ընդ որում՝ լողափին գտնվելու դեպքում դրա պաշտպանության ինդեքսը (SPF) պետք է լինի 30, 50 կամ ավելի բարձր:
Իսկ ի՞նչ կպատահի, եթե արեւի տակ մնաք առանց արեւապաշտպան քսուքի:
Ինչպես նշեց մասնագետը, կարելի է այրվածքներ ստանալ, ընդ որում՝ այդ ռիսկն ավելի բարձր է բաց գույնի մաշկ ունեցող մարդկանց, ինչպես նաեւ վիտիլիգո ունեցող պացիենտների համար:
Բացի այդ, ուլտրամանուշակագույն ճառագայթումը մեծացնում է մելանոմայի՝ մաշկի վտանգավոր քաղցկեղի զարգացման ռիսկը: Արեւի ճառագայթների եւ այս հիվանդության միջեւ կապը վաղուց ապացուցված է բազմաթիվ հետազոտություններով:
Եւս մեկ խնդիր, որի հետ կբախվեք արեւի տակ մնալու դեպքում, մաշկի ֆոտոծերացումն է: Բանն այն է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասում են կոլագենը, առաջացնում մաշկի բջիջների, ֆիբրոզային հյուսվածքի եւ արյունատար անոթների դեգեներատիվ փոփոխություններ, ինչը հանգեցնում է կնճիռների առաջացման: Հենց այդ պատճառով է, որ մաշկի երիտասարդությունը երկարացնելու համար խորհուրդ է տրվում այն պաշտպանել արեւի ճառագայթներից: