Ժամկետանց դեղերը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել. դեղ արտադրողները պատասխանատվություն են կրում դեղամիջոցի փաթեթի վրա նշված պիտանիության ժամկետի շրջանակում, որը սահմանվում է երկարատեւ հետազոտությունների ընթացքում։ Այսպիսի կարծիք է հայտնել «Մեդիցինա» ԲԸ (ակադեմիկոս Ռոյտբերգի կլինիկա) հակաուռուցքային դեղային թերապիայի բաժանմունքի դեղագործ Վերա Բաշկինան։
«Հրահանգներում նշվում են որակական բնութագրերը, հնարավոր կողմնակի ազդեցությունները, որոնց մասին արտադրողը զգուշացնում է նախօրոք։ Եթե դեղն ընդունող մարդու մոտ ինչ-որ անկանխատեսելի ռեակցիա է տեղի ունենում դեղից, արտադրողը պատասխանատվություն է կրում՝ ընդհուպ մինչեւ քրեական»,- ասել է մասնագետը «Պրայմ» գործակալությանը։
Դեղի պիտանիության ժամկետը միակ բանը չէ, որին պետք է ուշադրություն դարձնել։ Պակաս կարեւոր չէ հետեւել նաեւ դեղի պահպանման ռեժիմին՝ ջերմաստիճանին, լուսային, խոնավության պահանջներին։ Իմանալու համար, թե որտեղ, ինչպես եւ որքան պետք է պահել դեղը, ուշադիր կարդացեք դեղի հրահանգը։
Մասնագետի խոսքով՝ պիտանիության ժամկետի սպառվելուց հետո արտադրողը պատասխանատվություն չի կրում դրա որակի համար. այն կարող է կորցնել իր հատկությունները եւ առաջ բերել վտանգավոր ռեակցիաներ։ Ժամկետանց դեղերի ընդունումը, մասնագետի խոսքով, կարող է լուրջ սպառնալիք ներկայացնել մարդու առողջությանն ու անգամ նրա կյանքին։
news.am