Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչու Հեմինգուեյն ու Սարոյանը իրար չէին սիրում:
Ահա թե ինչու…
Պատերազմից հետո դժվար այլ ժամանակներ եկան. 1929–1939 թթ. վրա հասավ Մեծ դեպրեսիան՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքում: Հենց այդ ընթացքում սկսեց ստեղծագործել գրողների մի խումբ, որոնց պայմանականորեն տրվեց «Կորուսյալ երկրորդ սերնդի գրողներ» անվանումը: Այս սերնդի գրողներից էր համարվում նաև մեր հայրենակից Վիլյամ Սարոյանը, որի պատմվածքների առաջին ժողովածուն լույս տեսավ 1934 թվականին՝ «70 հազար ասորիներ» վերնագրով և մեծ իրարանցում առաջացրեց գրական կյանքում: Գրաքննադատները սիրով ու ջերմությամբ ընդունեցին նրա մուտքը գրականություն։ Հենրի Միլլերը, Չարլզ Բուկովսկին և շատ այլ գրողներ էին հիանում Սարոյանով: Շատերը, բայց ոչ Հեմինգուեյը:
«70 հազար ասորիներ» գրքում Սարոյանն իրեն թույլ էր տվել որոշ վիրավորական արտահայտություններ Հեմինգուեյի հասցեին: Սա արդեն աններելի էր, այն դեպքում, որ նորահայտ Սարոյանի ձեռագիրը նմանեցնում էին իր պարզ ու անկրկնելի ոճին։
1935թ. Esquire-ի հունվարյան համարին տված հարցազրույցում Հեմինգուեյը շատ վիրավորական արտահայտվեց Սարոյանի մասին՝ նրան անվանելով «բռան մեջ հազիվ տեղավորվող» նորելուկ գրող:
Հեմինգուեյին և Սարոյանին իրար կողքի դնելը, ոճերը համեմատելը գուցե ինչ-որ առումով արդարացված էր, ստեղծագործական կյանքի սկզբում Սարոյանի ոճը իրոք նման էր Հեմինգուեյի ոճին, սակայն շատ կարճ ժամանակ անց Սարոյանը հղկեց ու ստեղծեց այնպիսի յուրահատուկ ձեռագիր, որը ստացավ հենց «սարոյանական ոճ» ձևակերպումը:
Սրա վառ ապացույցը 1940 թվականի Պուլիտցերյան մրցանակն էր, որից Սարոյանը որոշեց հրաժարվել: Հեմինգուեյը Պուլիտցերյան մրցանակի ևս արժանացավ, բայց շատ տարիներ անց միայն՝ 1953-ին, իսկ արդեն հաջորդ տարի՝ 1954-ին Նոբելյան մրցանակը մեծն Հեմինգուեյինն էր: Իսկ ահա Սարոյանը Նոբելյան մրցանակ այդպես էլ չի ստացել:
Այս ընթացքում հանճարները կրկին անմասն չեն մնում միմյանց հանդեպ վիրավորանքներից։
Ահա 1943-ին հերթական մրցակցային առիթն է ստեղծվում․
Երկու գրողների սցենարներով նկարահանված ֆիլմերն առաջադրվում են Օսկարի: Մրցանակ ստանում է Սարոյանը՝ «Մարդկային կատակերգություն» ֆիլմի սցենարի համար: Իսկ ահա Հեմինգուեյի «Ո՞ւմ համար է ղողանջում զանգը» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը մրցանակ չի ստանում: Սա ևս մեկ առիթ էր նրանց համեմատելու և լարվածություն ստեղծելու:
Ի հավելումն ամփոփենք, որ երկու մեծանուն գրողների հարաբերություններն ու իրար հանդեպ վերաբերմունքը «ատելություն» անվանելը չափազանցություն կլինի: Նրանք իրականում հարգում էին միմյանց:
«Հեմինգուեյը անգլալեզու գրականության ամենամեծ գրողն է: Շատերն էին փորձել այդքան պարզ գրել, սակայն ոչ ոք չի կարողացել»:
Սարոյանը՝ Հեմինգուեյի մասին։