Պատմություններ հայոց արքաների մասին. Տրդատն ու շինականը
Advertisement 1000 x 90

Պատմություններ հայոց արքաների մասին. Տրդատն ու շինականը

Մի անգամ Երասխի ափով զբոսնելիս Տրդատ Գ արքան նկատեց գետի հորձանուտում քշվող մեկին։ Արքան, որը հսկայական ուժի տեր էր, օլիմպիական չեմպիոն, նետվում է գետը և դուրս է հանում խեղդվողին։

-Ո՞վ ես,-հարցնում է Տրդատը։

-Շինական։ Իսկ դու ո՞վ ես։

-Տրդատ արքան։

Գետի մեջ խեղդվելուց փրկված մարդը զարմանքով աչքերը չռում է իր փրկարարի վրա ու ասում ․

-Իբր թե ի՞նչ ստացվեց։ Հիմա իմ շինական տեղով ես ինչպե՞ս պիտի դուրս գամ քո բարության տակից։ Մեր զեղջավագին տասը ձիաբեռ ցորեն եմ պարտք։ Մի քանի տարի է, ինչ չեմ կարողանում պարտքս տալ։ Հուսահատությունից ինձ գցեցի Երասխի մեջ, որ մեռնեմ պրծնեմ, ազատվեմ իմ պարտքերից և ինքս ինձնից։ Իբր թե զեղջավագը քիչ էր, հիմա էլ հայոց արքային եմ մնում պարտք։ Մի՞թե խեղդվելն ավելի լավ չէր իմ այս վիճակից։

-Չէ՜, շինակա՜ն, չէի ասի, թե խելքդ խելքի նման է, շինականը պիտի ոչ թե հուսահատությունից իրեն ջուրը նետի և խեղդվի, այլ իր գործը շարունակի, բարիք արարի։ Եթե էն գլխից քեզ նման մտածեին, հիմա աշխարհում ոչ մի շինական չէր լինի, իսկ եթե շինական չլիներ, թագավոր էլ չէր լինի։

-Ի՞նչ,եթե շինական չլիներ, թագավոր չէ՞ր լինի։

-Այո՜, ես պիտի ասեմ, որ հնուց բոլոր թագավորներն էլ շինականներին պարտք են։ Ուրեմն ոչ թե դու ես ինձ պարտք, այլ ես եմ քեզ պարտք։ Վերցրու այս ոսկիները և տա՜ր ու մարի՜ր քո պարտքը, -ասաց արքան և մի քանի ոսկի խոթեց շինականի բուռը։

Սամվել Սիմոնյանի էջից