Հայտնի մեդիաբժիշկ Եվգենի Կոմարովսկին իր Youtube-ալիքում հերքել է մանկական լացի մասին տարածված մոլորությունները և նշել 10 պատճառ, թե ինչու են երեխաները լաց լինում։
1․ Քաղցը։ Սա լացի ամենաօբյեկտիվ և իրական պատճառն է։
2․ Հոգնածությունը, քնելու ցանկությունը։
3․Աղիքային ծակոցներն ու փորացավը։
- Տակդիրը փոխելու անհրաժեշտությունը։
5․ Երեխան ուզում է, որ իրեն գրկեն, ձեռքերի վրա պահեն։ Մենակ մնալու բնազդական վախն արտահայտվում է «գիրկն է ուզում» բառակապակցությամբ։
6․ Չափից շատ ուտելը, որի պատճառով երեխան կարող է անհարմարության զգացում ունենալ ստամոքսում։
7․ Շոգը։ Եթե երեխան լաց է լինում և առաջին հայացքից դրա համար ոչ մի տեսանելի պատճառ չկա, ապա առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել սենյակի օդի ջերմաստիճանին ու խոնավությանը, ինչպես նաև փոքրիկի մաշկի վիճակին․ կարմրածությունը կարող է վկայել գերտաքացման մասին։
Բժիշկը նշել է նաև, որ ի տարբերություն համաշխարհային վիճակագրության՝ Ռուսաստանում և Ուկրաինայում այս պատճառն առաջին տեղում է, իսկ քաղցը՝ երկրորդ։
«Իրականում, որպես հարյուր հազարավոր երեխաներ տեսած մարդ, կարող եմ հաստատ ասել` մեր երկրում երեխաների դիսկոմֆորտի ամենատարածված պատճառը հենց գերտաքացումն է։ Երբ սենյակում շոգ է, շնչելու օդ չկա, և երեխան գոռում է, ի՞նչ են մտածում մեր կանայք։ Մտածում են, թե նա մրսում է»։ Բժիշկը վստահ է, որ փոքրիկներն ամենից հաճախ հենց գերտաքացումից են նեղվում։
8․ Ցուրտը․ օրինակ` գերսառեցում կարող է առաջանալ երեխային լողացնելիս կամ հագուստը փոխելիս։
9․ Վատ ինքնազգացողությունը, որը կարող է կապված լինել մանրէային վարակների կամ այլ հիվանդությունների հետ։
10․ Զգացմունքների առատությունը։ Երբ ընտանիքում մեկ երեխա է, և մեծերը նրան չափազանց շատ ուշադրություն են դարձնում, նրա մոտ կարող է զգացմունքային գերլարում առաջանալ։
Այս խնդիրն ակտիվորեն ուսումնասիրում է Մաքգիլի համալսարանի մանկական հոսպիտալի բժիշկ Ռոնալդ Բարրը։ Նրա թիմը մանկական լացի պատճառներն ուսումնասիրել է ոչ միայն քաղաքների բնակիչների, այլև վայրի ցեղերի շրջանում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշակի տարիքում երեխաները լացում են առանց պատճառի, հատկապես՝ երեկոյան ժամերին։