Կենսաբան-էվոլյուցիոնիստ Հենրի Ջին վստահ է, որ հաջորդ 30 տարում մեր մոլորակի բնակչությունը կհասնի պիկին, այնուհետև կսկսի շեշտակիորեն նվազել, հայտնում է Scientific American-ը։
1960-ականներին բնակչության աճը գերազանցել է 2%-ի նշագիծը․ դա անհավատալի բարձր ցուցանիշ էր: Սակայն ընդամենը 50 տարի անց մոլորակի գերբնակեցման մասին այլևս խոսք չի գնում:
Փորձագետները ենթադրում են, որ շուտով բնակչության թիվը կսկսի կտրուկ նվազել, և մինչև դարի վերջ մոլորակի վրա շատ ավելի քիչ մարդ կլինի, քան այսօր։ Շատ երկրներում արդեն իսկ արձանագրվում է ծնելիության ցածր մակարդակ։ Միևնույն ժամանակ, մահացության մակարդակը գնալով աճում է։
Ջին ասել է, որ ժամանակակից մարդը գոյություն ունի 315 հազար տարի, բայց այս ամբողջ ընթացքում մարդիկ գտնվում են անհետացման եզրին, քանի որ տեսակը քիչ է։ Բացի այդ, Homo sapiens-ի ներկայացուցիչները չափազանց նման են, և, հետևաբար, նրանց համար շատ ավելի դժվար կլինի գոյատևել, քանի որ գենետիկական բազմազանություն չկա:
Փորձագետը նաև հավելել է, որ վերջին տարիներին սերմնահեղուկի որակը շատ է վատացել, ինչը ծնելիության անկում է առաջացրել։ Բացի այդ, դրա վրա ազդում են բազմաթիվ սթրեսային իրավիճակները, վատ էկոլոգիան: Ոչ պակաս կարևոր դեր է խաղում նաև տնտեսական գործոնը։
Աշխարհը փորձում է հասնել զգալի տնտեսական աճի, բայց դա անելը շատ դժվար է, եթե բավարար ռեսուրսներ չկան։ Այսօր մարդիկ ստիպված են չափից շատ աշխատել՝ նախորդ սերնդին բնորոշ կենսամակարդակի հասնելու համար։ Այդ իսկ պատճառով երեխաների ծնունդը որքան հնարավոր է՝ հետաձգվում է, ժամանակի ընթացքում պտղաբերությունը նվազում է, և արդյունքում շատ զույգեր մնում են անզավակ։