«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ներկայացված քայլերին հետեւելիս սպառողը շատ հեշտ կարող է կողմնորոշվել երշիկեղեն գնելիս։
Առաջին քայլը վերաբերում է նրան, թե արդյո՞ք երշիկեղենի անվանման մեջ կամ անվանմանը կից մակնշում կա վերջինիս խմբի (մսային, միս պարունակող եւ այլն) եւ տեսակի (երշիկեղեն, կիսապատրաստվածք եւ այլն) վերաբերյալ։
Եթե երշիկեղենի փաթեթվածքի վրա մակնշված է մսային, ապա վերջինիս բաղադրամասում մսային բաղադրամասերի զանգվածային բաժինը չի կարող 60 տոկոսից պակաս լինել։
Օրինակ է բերվում կիսաապխտած երշիկ «Կրակովյանը», խումբը՝ մսային, խոզի միսը՝ 40, տավարինը՝ 20, հավինը՝ 10 տոկոս, եւ 5 տոկոս խոզաճարպը։ Մսի զանգվածային բաժինը 75 տոկոս է։ Իսկ եթե երշիկեղենի փաթեթվածքի վրա մակնշված է միս պարունակող, ապա մսային բաղադրամասերի զանգվածային բաժինը պետք է կազմի 5-60 տոկոս (ներառյալ)։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նաեւ երշիկեղենի խմբի եւ տեսակի մակնշման ճիշտ ու սխալ օրինակներ է բերում։ Ասենք՝ արտադրանքի վրա նշված է «եփած երշիկ», եւ ուրիշ ոչինչ։
Սա համարվում է սխալ մակնշում, որովհետեւ տեղեկություն կա մսամթերքի տեսակի մասին՝ եփած երշիկ, բայց տեղեկություն չկա դրա խմբի մասին՝ մսայի՞ն է, թե՞ միս պարւնակող եւ այլն։ Իսկ ճիշտ մակնշում է համարվում, եթե նշված է մսամթերքի խումբը՝ մսային պաղեցված եւ տեսակը՝ երշիկ հում-ապխտած։
Գանք երկրորդ քայլին. արդյո՞ք երշիկեղենի փաթեթվածքի վրա մակնշվում է սննդամթերքի բաղադրությունը եւ ի՞նչ կարգով։
Փաթեթվածքի վրա անպայման պետք է մակնշվի բաղադրությունը, օրինակ՝ հավի միս, խոզաճարպ, կարտոֆիլի օսլա, կերակրի աղ եւն։
Բաղադրիչներն էլ պետք է նշվեն սննդամթերքի արտադրման պահի դրությամբ դրանց զանգվածային մասի նվազման կարգով»։
Մանրամասն՝ թերթի դեկտեմբերի 14-ի համարում։